ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է՝ ով է սպանել Դարիա Դուգինային
ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը բացահայտել է լրագրող Դարիա Դուգինայի սպանությունը, հաղորդում է ծառայության Հասարակայնության հետ կապերի կենտրոնը։

«Հաստատվել է, որ հանցագործությունը նախապատրաստել և կատարել են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հանցագործն Ուկրաինայի քաղաքացի Նատալյա Վովկն (Շաբան) է՝ ծնված 1979 թ.»,- ասվում է հաղորդագրությունում։

ԱԴԾ-ն պարզաբանել է, որ Վովկը 12-ամյա դստեր հետ հուլիսի 23-ին ժամանել է Ռուսաստան և բնակարան է վարձել այն տանը, որտեղ ապրում էր Դուգինան՝ նրա մասին տեղեկություններ հավաքելու համար։ Դուգինային հետևելու համար հանցագործություն կատարողը Mini Cooper է օգտագործել։ Ռուսաստանը մտնելիս ավտոմեքենան ունեցել է ԴԺՀ պետհամարանիշեր՝ E982ХН DPR, Մոսկվայում՝ Ղազախստանի՝ 172AJD02, իսկ ՌԴ-ից ելքի ժամանակ՝ ուկրաինական՝ AH7771IP։

Սպանության օրը Վովկն ու նրա դուստրը եղել են «Ավանդույթ» գրական-երաժշտական փառատոնում, որտեղ Դուգինան ներկա է եղել որպես պատվավոր հյուր, իսկ երեկոյան Վովկը կառավարելի պայթյուն է իրականացրել լրագրողի վարած Toyota Land Cruiser Prado-ում։ Դրանից հետո Վովկն ու աղջիկը Պսկովի շրջանով մեկնել են Էստոնիա։

Նախաքննության նյութերը փոխանցվել են ՌԴ Քննչական կոմիտե։

RaHDit խմբավորման հաքերները պնդում են, որ Նատալյա Վովկն ազգայնական Ազովի գնդի ծառայող է։ Որպես հաստատում, նրանք իրենց կայքում հրապարակել են նրա անձը հաստատող փաստաթուղթը:

Դարիա Դուգինը ռուս փիլիսոփա, քաղաքագետ, հրապարակախոս Ալեքսանդր Դուգինի դուստրն է։ 2015 թվականի մարտից Ալեքսանդր Դուգինն ուկրաինական իրադարձությունների պատճառով ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում է։ Բացի այդ, Կանադան և Ավստրալիան պատժամիջոցներ են սահմանել Դուգինի դեմ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 20-ին Մոսկվայի Մոժայսկոե խճուղում պայթեցրել են ռուսաստանցի հասարակական գործիչ Ալեքսանդր Դուգինին պատկանող Land Cruiser ավտոմեքենան, որը վարելիս է եղել նրա 30-ամյա դուստրը՝ Դարյա Դուգինան։ Վերջինս տեղում մահացել է: