Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահի գլխավորած պատվիրակությանը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի (AFET) նախագահ Դեյվիդ Մքալիսթերի գլխավորած պատվիրակությանը:Վարչապետը կարևորել է Եվրոպական խորհրդարանի հետ սերտ համագործակցությունը  և նշել, որ Եվրոպական միությունը հանդիսանում է Հայաստանի ժողովրդավարական օրակարգի արդյունավետ իրականացման կարևորագույն գործընկերներից մեկը: Կառավարության ղեկավարն ընդգծել է Արևելյան գործընկերության շրջանակում փոխգործակցությունը և նշել, որ մեր երկիրը կոռուպցիայի դեմ պայքարի, խոսքի ազատության, ընտրական բարեփոխումների և այլ ուղղություներով ԱԼԳ շրջանակում զբաղեցնում է առաջատար դիրքեր:Դեյվիդ Մքալիսթերը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել հայ խորհրդարանականների հետ արդյունավետ ու սերտ համագործակցության փաստը: Եվրոպական խորհրդարանի արտաքին հարցերով կոմիտեի նախագահը ողջունել է Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները՝ հավելելով, որ Եվրոպական միությունը շարունակելու է օժանդակությունը ՀՀ կառավարությանը այդ ուղղությամբ:

Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին, Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակին, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հնարավորություններին: Վարչապետ Փաշինյանը մանրամասն ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումները վերոնշյալ ուղղությամբ և պատասխանել ԵԽ պատվիրակության հարցերին: