«Հայաստան» խմբակցության գործընկերներիս մաղթում եմ քաղաքական շրջահայացություն. Արթուր Ղազինյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը վայր է դրել պատգամավորական մանդատը: Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում:

Ղազինյանի գրառումն ամբողջությամբ՝ ստորև.

«Սիրելի հայրենակիցներ,

Այն ինչ ունի սկիզբ, ունի նաև վերջ. բնության այս օրինաչափությունը հատկապես արդիական ու կիրառելի է իրավիճակային քաղաքական պայմանավորվածությունների պարագայում: Որոշել եմ վայր դնել իմ պատգամավորական մանդատը. ստեղծված իրավիճակում դա համարում եմ ամենաճիշտ ու արդարացված որոշումը: Պատճառների մասին հիմա չեմ ցանկանում խոսել. դրանք կրում են բացառապես քաղաքական ու մարտավարական բնույթ: Այս պահին կարող եմ միայն ասել, այս ԱԺ-ում որևէ օրակարգով իմ հետագա աշխատանքն այլևս չեմ պատկերացնում, իսկ այդ պայմաններում պահպանել ԱԺ պատգամավորի կարգավիճակը, չեմ կարող. առնվազն ազնիվ չէ: Վերահաստատում եմ Հայաստանում և Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ իմ բոլոր գնահատականներն ու այս իշխանության հասցեին հնչեցրած բոլոր որակումները. ազգակործան կապիտուլյանտ դավաճանի տեղը բանտում է: «Դիմադրության» շարժումն ունի չիրացված ահռելի ներուժ: Այն այս պահին գոյություն ունեցող միակ հարթակն է, որ ի զորու է կանխել նոր դավաճանություններն ու զիջումները. շարժումը պետք է պահել և ուժեղացնել. որպես ՀՀ արժանապատիվ քաղաքացի շարունակելու եմ մասնակցել և բոլորին կոչ եմ անում մասնակցել շարժման կազմակերպած բողոքի ակցիաներին: «Հայաստան» խմբակցության իմ գործընկերներին մաղթում եմ քաղաքական շրջահայացություն և հաջողություն. հավատացեք, այնտեղ կան բազմաթիվ ազնիվ, նվիրյալ ու հայրենասեր անձիք:

Աստված պահապան Հայաստանին ու Արցախին Աստված պահապան Հայ ժողովրդին»: