Գլոբալացումն ուժեղացրել է հասարակության բեւեռացումը, ի հայտ են եկել համակարգային քաոսի նշաններ. Ռուբեն Վարդանյան
Գլոբալացումը ներդաշնակեցման չի հանգեցրել, հակառակը, շատ առումներով ուժեղացրել է հասարակության բեւեռացումը։ Ի հայտ են եկել համակարգային քաոսի նշաններ, որից պետք է ելք փնտրել։ Այս մասին РБК-ի սյունակում գրել է գործարար Ռուբեն Վարդանյանը։

Նրա կարծիքով՝ ներկայիս իրադարձությունները գլոբալ փոփոխությունների նոր ալիք են, որոնք կարող են տեւել ոչ մեկ տասնամյակ։ «Փոխակերպումները ցավագին կլինեն, եւ չի մնա կյանքի որեւէ ոլորտ, որին դրանք չվերաբերեն։ Իրավիճակը շատ ավելի վտանգավոր է, քան որեւէ համակարգի անկումը կամ ռազմական, տնտեսական, ֆինանսական հակամարտությունը»։

Ինչպես գրել է Վարդանյանը, կարող են անտեսվել այնպիսի կանխադրույթներ, ինչպիսին են անմեղության կանխավարկածը, անհատի առավելությունը հասարակության հանդեպ, մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը, տեղեկատվության ճշմարտացիությունը եւ հավաստիությունը, միջին դասի կարեւորությունը՝ որպես ժամանակակից պետության հիմք։

Վարդանյանի կարծիքով՝ գոյություն ունի առկա ճգնաժամի հաղթահարման երեք սցենար։ Կարճաժամկետ հեռանկարում կարեւոր է վերականգնել մատակարարումների շղթաները եւ հավասարակշռել ֆինանսական համակարգերը, այլ կերպ ասած՝ պատասխանել մարդկանց եւ բիզնեսի հանապազօրյա պահանջմունքներին։ Միջնաժամկետ հորիզոնում պետք է որոշել ռեսուրսների եւ գործընկերների մարտավարության եւ մոբիլիզացման հարցը, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ զբաղվել տեխնոլոգիական զարգացմամբ։

Այնուհետեւ կարելի է խոսել նոր գլոբալ առեւտրային կոալիցիաների եւ համաշխարհային վստահության նոր ուրվագծի մասին։ «Քաղաքակրթական կոնֆլիկտներում աճում է ոչ մեծ երկրների դերը, որոնք գտնվում են քաղաքակրթությունների խաչմերուկներում։ Իրենց չափերի եւ պատմական փորձի բերումով նրանք կարող են հայտնվել արդիականության մարտահրավերների նորարարական պատասխանների որոնման առաջնագծում եւ նպաստել բեւեռացման թուլացմանն աշխարհում»,- գրել է Վարդանյանը։

Բացի այդ, գործարարի կարծիքով՝ մարդկությանն անհրաժեշտ են բարոյական առաջնորդներ, գործունեության տարբեր ոլորտների մարդիկ, որոնք պատրաստ են միասին քննարկել կարեւոր մարտահրավերները եւ որոնել դրանց պատասխանները։ «Համակարգային քաոսը պահանջում է դուրս գալ մտածողության «թունելի» յուրաքանչյուր առանձին վերցրած ստրատի սահմաններից՝ փորձելու համար տեսնել ամբողջական պատկերը։ Հենց այդ մարդիկ պետք է ձեւավորեն վստահության նոր շրջանակը. դրա ճգնաժամը մենք տեսնում ենք ամբողջ աշխարհում, փոփոխությունների պահանջը գլոբալ է»,- նշել է նա։

Կարեւոր է հանրույթների դերը, նշել է Վարդանյանը։ «Սովորական հենարանները՝ ընտանիք, տոհմ, համայնք, կրոն եւ գաղափարախոսություն, ազգային եւ կորպորատիվ նույնականություն, աղոտ են դառնում, եւ մեր անձնային տիեզերքը այն մարդկանց միջավայրն է, որը տրամաչափում է, պահպանում եւ զարգացնում արժեքները։ Չի բացառվում, որ մեր նախագծերում առաջ գա վստահության այնպիսի մակարդակ, որ անգամ գործարքների իրավաբանական ձեւակերպումը պարզապես ձեւականություն լինի, որովհետեւ այնքան մեծ կլինի մասնակիցների հեղինակությունը։ Միայն նման միջավայրում մենք կկարողանանք ստեղծել իսկապես նոր աշխարհ, այլ ոչ թե կթափառենք հնի փլատակներում»,- նշել է նա։