Ֆինլանդիան և Շվեդիան պաշտոնապես հայտ են ներկայացրել ՆԱՏՕ-ին անդամակցելու համար
ՆԱՏՕ-ում Ֆինլանդիայի և Շվեդիայի դեսպանները դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին պաշտոնապես ներկայացրել են իրենց երկրների ՆԱՏՕ-ին միանալու հայտերը։ Հանձնման առցանց արարողությունը հեռարձակել է դաշինքի մամուլի ծառայությունը։

Ստոլտենբերգն ասել է, որ ՆԱՏՕ-ն ողջունում է դաշինքին միանալու Շվեդիայի և Ֆինլանդիայի հայտերը, մտադիր է ապահովել, որ դրա համար անհրաժեշտ բոլոր հարցերը հնարավորինս շուտ լուծվեն: Նա ընդգծել է, որ այժմ ՆԱՏՕ-ն կզբաղվի իր անվտանգության համակարգը Բալթյան երկրներում ադապտացնելու հարցով, գրում է ՏԱՍՍ-ը:

«Ես ջերմորեն ողջունում եմ Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու խնդրանքը։ Այն հայտերը, որոնք դուք այսօր ներկայացրել եք, պատմական քայլ է։ Դաշինքը այժմ կքննարկի ՆԱՏՕ-ի ճանապարհին հաջորդող քայլերը։ Պետք է հաշվի առնել բոլոր երկրների անվտանգության շահերը, և մենք վճռական ենք լուծել բոլոր հարցերը և հասնել ընդունելության գործընթացի արագ ավարտին»,- ասել է նա։