ԱՄՆ-ն արել է ամեն ինչ Հիրոսիմայի և Նագասակիի ռմբակոծությունը ճապոնացիների հիշողությունից ջնջելու համար
Միացյալ Նահանգները ձեռնակել է բոլոր միջոցները 1945 թվականին ԱՄՆ-ի կողմից միջուկային ռմբակոծությունների թեման Ճապոնիայի բնակչության հիշողությունից ջնջելու համար։ Այս մասին, ինչպես գրում է ՏԱՍՍ գործակալությունը, Sputnik ռադիոկայանի եթերում ասել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«ԱՄՆ-ն արել է ամեն ինչ, որպեսզի ջնջի ճապոնացիների հիշողությունից Միացյալ Նահանգների կողմից նրանց երկրին միջուկային հարված հասցնելու թեման։ Դասագրքերում ու թանգարաններում, որոնք բացվել էին, բացվում են և գործում են Ճապոնիայում, ոչ մի տեղ չի հիշատակվում, որ հենց Վաշինգտոնն է իրենց ռմբակոծելու որոշումը կայացրել ու իրակականացրել։ Անգամ ռմբակոծությունների տարելիցի կապակցությամբ Ճապոնիայում անցկացվող հիշատակի միջոցառումները նվիրված են լինում հարվածներին ու զոհերին, սակայն չի դատապարտվում ու անգամ չի հիշատակվում՝ ում կողմից է կայացվել որոշումն ու իրականացվել այն», - նշել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի խոսքով Հիրոսիմայի և Նագասակիի քաղաքապետերն առաջարկել են կազմակերպել ԱՄՆ-ի բարձրաստիճան ներկայացուցիչների այցն այն տարածաշրջաններ, որոնք տուժել են Միացյալ Նահանգների միջուկային հարվածների հետևանքով։

«Եթե այս ակցիան, այնուամենայնիվ, որևէ կերպ իրականացվի, այն թույլ կտա վերականգնել պատմական հիշողությունն այն ժամանակների մասին, իսկ դա կարևոր է․ չջնջել այն ու չվերաշարադրել, այլ վերադառնալ արմատներին ու հիշեցնել որոշում կայացրածների հետնորդներին այն ժամանակ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի համար ռազմավարական նշանակություն չունեցող, սակայն խաղաղ քաղաքացիական անձանց նկատմամբ պատժի ու հատուցման ակտ հանդիսացող այդ միջուկային հարվածը հասցնելու մասին»,- հավելել է դիվանագետը։

Նա նաև հիշեցրել է, որ դա եղել է և առ այսօր էլ հանդիսանում է միջուկային զենքի կիրառման միակ դեպքը, որը չի եղել փորձարկում, այլ ուղղված է եղել պետության ու խաղաղ բնակչության դեմ։