Ուկրաինայի ԱԳ նախարարն ասել է, որ Մոսկվան Կիևին կապիտուլյացիայի վերջնագիր է ներկայացնում
Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան nv.ua կայքին տված հարցազրույցում անդրադարձել է ռազմական գործողությունների ֆոնին Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններին, թե արդյոք հնարավոր է չեզոք կարգավիճակ Ուկրաինայի համար, և ինչպես է Արևմուտքը գնահատում Կիևի՝ հաղթելու հնարավորությունները:

Խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման հավանականության մասին՝ Կուլեբան նշել է, որ հանդիպման գաղափարը նորություն չէ: «Վերջին մեկ տարվա ընթացքում, կամ նույնիսկ ավելին, մենք այս մասին խոսում էինք միայն Դոնբասում իրավիճակի հանգուցալուծման, իսկ այժմ արդեն խոսում ենք պատերազմի ակտիվ փուլի ավարտի համատեքստում։ Նման հանդիպման նախապատրաստական աշխատանքները վաղուց են ընթանում։ Տրամաբանությունը շատ պարզ է՝ եթե Ռուսաստանում ամեն ինչ որոշում է Պուտինը, ապա այսպես, թե այնպես Պուտինի հետ Է պետք բանակցել։ Միևնույն ժամանակ, ես չեմ կասկածում, որ դա սկզբունքային խոսակցություն է լինելու։ Դուք բոլորդ տեսնում եք նախագահ Զելենսկու գործողությունները, նրա խոսքերը, ուստի ոչ ոք չի գնա նման հանդիպման՝ հանձնվելու համար։ Նախագահն այժմ շատ ուժեղ դիրքերում է, և նման հանդիպմանը նա կխոսի ուժեղ դիրքերից»,-ասել է Կուլեբան: