ՌԴ զինված ուժերը ճշգրիտ զենքերով հարված է հասցրել Ուկրաինայի ԱԾ և ՏԳ 72-րդ գլխավոր կենտրոնի օբյեկտներին
Ռուսաստանի զինված ուժերը ճշգրիտ զենքերով հարված է հասցրել Ուկրաինայի Անվտանգության ծառայության և Տեղեկատվական-հոգեբանական գործողությունների 72-րդ գլխավոր կենտրոնի օբյեկտներին: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Նշվում է, որ ընդհանուր առմամբ, ռազմական գործողության ընթացքում Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 1502 օբյեկտ է շարքից հանվել:

ՌԴ ՊՆ-ն նաև հավելել է, որ ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության զորքերը հատուկ ռազմական գործողության սկզբից ի վեր առաջ են անցել 75 կմ:

Նախօրեին հաղորդվել էր, որ Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարված են նախապատրաստում Ուկրաինայի Անվտանգության ծառայության տեխնոլոգիական օբյեկտների և Տեղեկատվական-հոգեբանական գործողությունների 72-րդ կենտրոնի ուղղությամբ: Հարվածի նպատակն է կասեցնել Կիևի տեղեկատվական հարձակումները Ռուսաստանի դեմ։

Ավելի վաղ հաղորդվել է, որ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը գերճշգրիտ զինատեսակներով խոցել են Ուկրաինայի երկու օդանավակայան և երեք ՀՕՊ ռադիոտեղորոշիչ։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր Ուկրաինայի ապառազմականացման համար հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։ 

Հեռուստաուղերձում նա ասել էր, որ հանգամանքները «մեզնից պահանջում են վճռական և անհապաղ գործողություններ, Դոնբասի ժողովրդական հանրապետությունները օգնության խնդրանքով դիմել են Ռուսաստանին»։

Ռուսաստանի ղեկավարի խոսքով, արյունահեղության ողջ պատասխանատվությունը կլինի Ուկրաինայում իշխող ռեժիմի խղճի վրա։ Նա ուկրաինացի զինվորականներին կոչ է արել չկատարել ուկրաինական իշխանությունների հանցավոր հրամանները, վայր դնել զենքերն ու գնալ տուն։