«Ժողովուրդ». 2019 թ․ Հայաստան ներկրված ավտոմեքենաները սկսել են կամաց-կամաց վաճառվել
«Հայաստանում ավտոմեքենաների առևտրի ոլորտում դրական տեղաշարժ կա. 2019 թվականին Հայաստան ներկրված ավտոմեքենաները սկսել են կամաց-կամաց վաճառվել: Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի՝ այս տարվա հունվար-օգոստոսին ավտոմեքենաների առևտրի ծավալները կազմել են 64 մլրդ 431 մլն 800 դրամ: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ այն 0.4 տոկոսով ավելացել է:

Միայն օգոստոս ամսին ավտոմեքենաների առևտրի ծավալները կազմել են 11 մլրդ 25 մլն 300 հազար դրամ: Իսկ մինչ այս, տեղեկացնենք, որ Հայաստանի ավտոմեքենաների վաճառքով զբաղվող առևտրականները լուրջ խնդրի առաջ էին կանգնած. տևական ժամանակ է, ինչ չէին կարողանում 2019 թվականին ներկրած մեծ քանակությամբ ավտոմեքենաները վաճառել:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից տեղեկացավ, որ այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում Հայաստան ներկրվել է 2900 ավտոմեքենա, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝ 17 հազար 800: Բացի կորոնավիրուսից, նախորդ տարվա հունվարի սկզբից ղազախներն ու ռուսները Հայաստանից ավտոմեքենա չեն գնում: ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացանք նաև, որ այս տարվա հունվար-օգոստոսին մանրածախ առևտրի շրջանառությունը ևս ավելացել է` կազմելով 1.8 տոկոս: Ի դեպ, մեծածախ առևտրի շրջանառությունն այս տարվա 8 ամիսներին աճել է 12.3 տոկոսով»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։