Պուտինն ընտրությունների նախաշեմին հայտարարել է, որ «ՌԴ-ին անհրաժեշտ է ուժեղ և հեղինակավոր խորհրդարան»
Ռուսաստանին անհրաժեշտ են ուժեղ, հեղինակավոր խորհրդարան և պատգամավորներ, որոնք կգործեն երկրի և ժողովրդի շահերից ելնելով: Նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի ընտրությունների նախաշեմին իր տեսաուղերձում, գրում է Russia Today-ը: «Ժամանակակից աշխարհը բարդ է: Մենք տեսնում ենք, թե ինչ արագ, երբեմն անկանխատեսելիորեն է այն փոխվում: Սա, իհարկե, նոր մարտահրավերներ է ստեղծում», - ասել է Պուտինը: Նրա խոսքով, «այս մարտահրավերներին արձագանքելու, նոր հեռանկարներն արդյունավետ օգտագործելու համար անհրաժեշտ է պետության, հասարակության և քաղաքացիների լավ համակարգված աշխատանք»: «Մեզ անհրաժեշտ է ուժեղ, հեղինակավոր խորհրդարան, որպեսզի նորընտիր Դումայի պատգամավորները գործեն ի շահ Ռուսաստանի և մեր ժողովրդի, աշխատեն հանուն ժողովրդի», - հավելել է Ռուսաստանի առաջնորդը: Պետդումայի և տարբեր մակարդակների մարզային ընտրությունների քվեարկությունները տեղի կունենան սեպտեմբերի 17-ից 19-ը: