«Հրապարակ»․ Ապօրինությունների շղթա
«Պատկերացնո՞ւմ եք` նախկինները համարձակվեին մոտ 3 տարի թափուր թողնել Երեւանի պետական համալսարանի ռեկտորի աթոռը, մեկը մյուսի ետեւից ժամանակավոր պաշտոնակատարներ նշանակեին` առանց մրցույթ անելու եւ ռեկտոր ընտրելու: Կամ` 3 տարի շարունակ Հայաստանի խոշոր քաղաքներից մեկում` Իջեւանում, ընտրություն չանեին, իսկ քաղաքապետի ԺՊ նշանակվեր Սերժ Սարգսյանի ընտանիքի քավորը կամ քավորի եղբայրը:  

Ընտրություն չկազմակերպեին, քանի որ քավորի ռեյտինգը թույլ չի տալիս ընտրությունների միջոցով ընտրվել: Կամ` նախկին նախագահներից մեկը որոշեր ու ներքին կարգով լուծարեր Սահմանադրությամբ նախատեսված որեւէ մարմին, տվյալ դեպքում` Հանրային խորհուրդը, որն արդեն քանի ամիս է՝ նախագահ չունի, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը որեւէ մեկին չի նշանակում: Եվ դա աներ այն պատճառով, որ ՀԽ-ում ընդդիմադիր հայացքներով մարդիկ են հավաքված, ու նրանց գործունեությունը կարող է մի փոքր բարդացնել իրենց կյանքը:

Պատկերացնո՞ւմ եք` նախկինների ժամանակ քրեական կեղծ գործ հարուցվեր դատական բարձր պաշտոնյայի նկատմամբ, նրան ապօրինաբար ազատեին աշխատանքից եւ նրա տեղը նշանակեին մեկին, ով իրավունք չունի այդտեղ աշխատելու, քանի որ օրենքով նախատեսված տարիքային շեմը վաղուց է հատել: Բայց տասնյակ օրինախախտումներով այդ անձին նշանակեին համակարգի ղեկավարի ԺՊ, եւ նա ԺՊ-ի կարգավիճակում ամիսներ, տարիներ շարունակ աշխատեր` ապօրինաբար: Եվ ոչ մեկը` ո՛չ ներսում, ո՛չ դրսում, չպահանջեր օրենքով շարժվել. կա՛մ ԲԴԽ նախկին նախագահին դատել եւ օրինական կարգով ազատել պաշտոնից` Ջհանգիրյանին նշանակելով, կա՛մ վերականգնել օրինականությունն ու արդարությունը: Այս բոլոր արարքներից գեթ մեկի դեպքում նախկիններին վաղուց ազգի թշնամի էինք հռչակել»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։