«Հայ- ադրբեջանական սահմանի երկայնքով կրկնվող միջադեպերի մասին լուրերը լուրջ անհանգստություն են առաջացնում». ԵԱՀԿ գործող նախագահ
ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտաքին գործերի նախարար Անն Լինդեն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին։

«Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով կրկնվող միջադեպերի մասին լուրերը լուրջ անհանգստություն են առաջացնում: Կողմերին կոչ ենք անում հիմնվել հումանիտար վերջին քայլերի վրա և ամբողջությամբ իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարությունը` չլուծված խնդիրները խաղաղ լուծելու համար»,-գրել է Լինդեն իր թվիթերյան էջում:

Այսօր ՀՀ ՊՆ-ն հաղորդել է, որ հուլիսի 29-ին՝ ժամը 23:00-ից սկսած, ՀՀ ԶՈւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձերը:

Հուլիսի 29-ի երեկոյան և հուլիսի 30-ի ժամը 07:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկարությամբ հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո: