ԱՄՆ Կոնգրեսը հավանություն է տվել Կապիտոլիումի պահպանման և աֆղանցիների տարհանման համար 2,1 մլրդ դոլարի հատկացմանը
ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի քվեարկել Է 2,1 մլրդ դոլարի (416 կողմ, 11 դեմ) հատկացումների փաթեթի հաստատման օգտին, որոնք կուղղվեն Կապիտոլիումի տարածքի պահպանությանը և այն աֆղանցիների տեղափոխման ծրագրին, որոնք Աֆղանստանում գործողության ժամանակ օգնել են ամերիկյան զորակազմին: Օրինագիծն այժմ պետք է ստորագրի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, գրում է ՏԱՍՍ-ը։

Սույն ծրագիրը 521 մլն դոլար է նախատեսում Ազգային գվարդիայի ծախսերը հոգալու համար, որի ստորաբաժանումները հունվարի 6-ի անկարգություններից հետո ապահովել են Կոնգրեսի շենքի շուրջ անվտանգությունը: 300 մլն դոլար հատկացվել է ենթակառուցվածքների արդիականացմանը, այդ թվում՝ տեսահսկման նոր տեսախցիկների տեղադրմանը, 70 մլն դոլարն ուղղվելու է Կապիտոլիումի ոստիկանության աշխատավարձերին և ընդհանուր ծախսերին:

Փաթեթի շրջանակներում Պենտագոնին 500 մլն դոլար կհատկացվի ԱՄՆ-ին օգնած աֆղանցիների տարհանման և ժամանակավոր տեղավորման համար: Արևմտյան ԶԼՄ-ների տվյալների համաձայն՝ մոտ 18 հազար նման անձինք, որոնք աջակցություն են ցուցաբերել ամերիկյան զորքերին, այդ թվում՝ որպես թարգմանիչներ, հույս ունեն ԱՄՆ-ում ներգաղթի վիզաներ ստանալ: