Կիմ Չեն Ընը ԿԺԴՀ-ի բանակի մարտունակության բարձրացման կոչ է արել
ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընը Կորեայի ժողովրդական բանակի հրամանատարության և քաղաքական կոմիսարների համար պատմության մեջ առաջին սեմինարի ժամանակ կոչ է արել առավելագույն ջանքեր ներդնել բանակի բոլոր ստորաբաժանումների մարտունակության բարձրացման համար, գրում է ՏԱՍՍ-ը։

«Ներկայում թշնամական ուժերը պարբերաբար մեծացնում են իրենց հնարավորությունները ԿԺԴՀ-ին հարված հասցնելու համար, մեծացնում են սպառազինությունները և ակտիվացնում են բոլոր հնարավոր զորավարժությունները ագրեսիայի նպատակով: Մենք պետք է առավելագույն ջանքեր գործադրենք բոլոր ստորաբաժանումների մարտունակությունը բարձրացնելու համար», - սեմինարի ժամանակ ասել է Կիմ Չեն Ընը։

Ինչպես նշվում է, միջոցառմանը մասնակցել են բանակային բոլոր ստորաբաժանումների զորահրամանատարները․ դրա ընթացքում քննարկվել են բանակի համար կադրերի մարտավարական և քաղաքական պատրաստվածության, ինչպես նաև պաշտպանունակության բարձրացման հարցերը։

Փհենյանն ավանդաբար դատապարտում է Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի զինված ուժերի համատեղ զորավարժությունները՝ դրանք անվանելով ԿԺԴՀ ներխուժման փորձ: Այս տարի ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի զինված ուժերի համատեղ զորավարժությունները պլանավորված են օգոստոսին: