Ադրբեջանական կրակոցների հետևանքով վիրավորվել է 1 զինծառայող․ ՀՀ ՊՆ
Հուլիսի 29-ին, ժամը 08։40-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։  

  Ծավալվել է կարճատև փոխհրաձգություն, հայ դիրքապահների գործողություններից հետո հակառակորդի կրակը լռեցվել է։

Հուլիսի 29-ի սադրանքների հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ԶՈՒ մեկ զինծառայող։

Ժամը 09։30-ի դրությամբ իրադրությունը հանգիստ է։

Հիշեցնենք, որ  այսօր ժամը 03:00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում, Քարվաճառի ուղղությամբ, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները, խախտելով նախորդ օրը ձեռք բերված` կրակի դադարեցման վերաբերյալ պայմանավորվածությունը, կրկին դիմել են սադրանքի` հրաձգային զինատեսակներից կրակ բացելով հայկական դիրքերի ուղղությամբ:  Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո կրակը լռեցվել էր: Իրադրությունը Գեղարքունիքի հատվածում լարվել էր երեկվանից։ Սահմանի տարբեր ուղղություններով տեղային մարտեր էին ընթացել, որոնց ընթացքում զոհվել էր 3, վիրավորվել 5 զինծառայող։ Ավելի ուշ, ՌԴ միջնորդությամբ, կրակը դադարեցնելու համաձայնություն էր ձեռք բերվել։