Հայ- ադրբեջանական սահմանին իրավիճակն ավելի ու ավելի է հիշեցնում Ղարաբաղյան 2-րդ պատերազմի նախերգանքը
Ռուսական Коммерсантъ պարբերականը ծավալուն հոդվածով անդրադարձ է կատարել Արցախյան երկրորդ պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված նոր իրողությանը, մասնավորապես ԵՄ-ի` տարածաշրջանում իր դերը մեծացնելու փորձերին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` հուլիսի 20-ին Մոսկվա կատարած այցին, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների հարցով բանակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ի թիվ այլ հարցերի, քննարկվել է ԼՂ շուրջ այն պայմանավորվածությունների  ապագան, որոնք ձախողման սպառնալիքի տակ են:

«Коммерсантъ-ի տեղեկություններով` Բաքվում վրդովված են Եվրամիության` հակամարտության կարգավորման գործընթացում միջնորդի գործառույթ ստանձնելու փորձերից: Նրանք կարծում են, որ դա Երևանին դրդում է վերանայել Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները: Ընդ որում, Коммерсантъ-ի իրազեկ ադրբեջանական աղբյուրը հասկացրել է, որ «խաղադրույքն արվում է Բաքվին արմատական քայլերի հրահրելու և ռուսական բանակը ներգրավելու վրա»: Աղբյուրը նշել է, որ «այս կրիտիկական պահին անհրաժեշտություն է առաջացել հստակեցել դիրքորոշումները նախագահներ Պուտինի և Ալիևի միջև»,-գրում է հոդվածագիր Սերգեյ Ստորկանը:

Հեղինակը նկատում է, որ մինչ Պուտինն ու Ալիևն ամեն կերպ ցույց են տալիս իրենց վճռականությունը կարգավորման ուղուց չշեղվելու հարցում, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակն ավելի ու ավելի է հիշեցնում անցած աշունը` Ղարաբաղյան երկրորդ պատերազմի նախերգանքը: Այնուհետև հոդվածագիրը ներկայացնում է ՀՀ և Ադրբեջանի սահմանին` Նախիջևանի և Երասխի հատվածում, վերջին օրերի զարգացումների վերաբերյալ Երևանի և Բաքվի պաշտոնական հաղորդագրությունները:

Ստորականը գրում է, որ 44-օրյա պատերազմից և անցյալ տարվա նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո սահմանի այս հատվածում նոր դիմակայության համար հետհաշվարկի կետ են դարձել հուլիսի 14-ի դեպքերը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ադրբեջանական կողմից արձակված կրակոցի հետևանքով իր զինվորի մահվան մասին: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պատասխանել է՝ Հայաստանի զինված ուժերը մեղադրելով ադրբեջանական զինուժի դիրքերը հրետակոծելու և զինծառայող վիրավորելու համար: Ընդ որում, հայ-ադրբեջանական սահմանի այլ հատվածներում փոխհրաձգությունները սկսել են տեղի ունենալ դրանից շատ ավելի առաջ: Հեղինակը նաև հիշեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը հուլիսի յոթին Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն արձանագրել էր, որ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայուն չէ:

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին իրավիճակն այնքան էլ կայուն չէ: Այս մասին մենք մի քանի առիթներով խոսել ենք: Այստեղ արդեն երկու ամիս անհանգստության մշտական օջախ ունենք: Հուսով եմ, որ մենք կկարողանանք հստակեցնել դիրքորոշումներն այս հարցի վերաբերյալ»,-ասել էր Փաշինյանը:

Ստրոկանը հատկանշական է համարում այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի Մոսկվա կատարած այցից հետո հայկական կողմի պաշտոնական հայտարարություններում արծարծվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որը գործնականում չի նշվել Կրեմլում ռուս-հայկական բանակցությունների վերջին փուլի ընթացքում: 

«Այսպես, Հայաստանի փոխվարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հայտարարել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը լուծելու անհնար է խոսել Ադրբեջանի հետ ցանկացած խաղաղության համաձայնագրերի մասին: Բաքվում, սակայն, հասկացնում են, որ Ղարաբաղի կարգավիճակի թեման առաջ տանելը «շատ սխալ և ռիսկային ուղի է»: Այս մասին ավելի վաղ հայտարարել էր Իլհամ Ալիևը՝ նշելով.«Եթե (հայերը-Коммерсантъ) կարծում են, որ հակամարտությունը չի լուծվել, ապա թող ասեն` ինչը դեռ լուծման կարիք ունի: Եթե մենք խոսում ենք «Լեռնային Ղարաբաղի» կարգավիճակի մասին, ես արդեն ասել եմ, որ Ադրբեջանում նման տարածքային միավոր գոյություն չունի: Հետևաբար, այս արտահայտությունը չպետք է օգտագործվի: Չկա Լեռնային Ղարաբաղ, կա Ղարաբաղ»:

Դրանից անմիջապես հետո Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել, որով հաստատել է «Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման, Արցախի` էթնիկական զտումների ենթարկված տարածքների ապաշրջափակման դիրքերից հետևողականորեն հանդես գալու վճռականությունը»:

Կրակին յուղ է լցրել նաև Եվրոպական  խորհրդի նախագահ Շառլ Միշելի հարավկովկասյան շրջագայությունը, որի շրջանակում պաշտոնյան Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է, որ «պետք է լինի խաղաղ բանակցությունների, կարգավիճակի հարցի քննարկում»: Միևնույն ժամանակ, նա ակնարկել է, որ Եվրամիությունը հավակնում է իր դերակատարությունն ունենալ հակամարտության կարգավորման գործընթացում»,-նշում է հեղինակը:

«Հետհակամարտային այս փուլում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցի բարձրացումը Փարիզի և ԵՄ-ի համար մուտքի տոմս է Հարավային Կովկասի գոտի, որտեղ նրանք լուսանցքից այն կողմ են մնացել անցած տարի Մոսկվայի դիվանագիտական հաջողությունից հետո», - Անդրկովկասում սկսված աշխարհաքաղաքական խաղը մեկնաբանել է Բաքվում Коммерсантъ-ի իրազեկ աղբյուրը, որի խոսքով` նման խաղը հղի է լուրջ ռիսկերով:

Նա հավելել է, որ «ներկայիս բազմաքայլի նպատակը ոչ թե կողմերին բանակցային սեղանի շուրջ բերելն է, այլ տարածաշրջանում լայնածավալ սադրանքի միջոցով փորձել փոխել Ռուսաստանի մասնակցությամբ կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունների եռակողմ ձևաչափը: Ըստ նրա` խաղադրույքն արվում է Բաքվին արմատական քայլերի հրահրելու և ռուսական բանակը ներգրավելու վրա»:

«Ե՛վ Ֆրանսիան, և՛, ընդհանուր առմամբ, Եվրամիությունը 2020-ի աշնան սուր փուլում դեր չեն խաղացել Ղարաբաղի շուրջ հակամարտության կարգավորման գործում: Սա նկատելի մտահոգություն է առաջացրել ԵՄ ռազմավարների շրջանում, որոնք ուշացումով փորձում են իրենց տեղը գտնել բանակցային գործընթացում», Коммерсантъ-ի հետ զրույցում կարծիք է հայտնել ՌԴ Գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի ռազմավարական գնահատման խմբի ղեկավար Սերգեյ Ուտկինը:

Խոսելով Փարիզի դերի մասին` փորձագետը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Ֆրանսիայի ղեկավարությունն ավանդաբար մեծ ուշադրություն է դարձնում իրենց երկրում գտնվող հայկական սփյուռքին և փոխգործակցությունը հատկապես կարևոր է համարում 2022 թվականի գարնանը Ֆրանսիայում նախագահական ընտրությունների նախաշեմին:

«Ինչ վերաբերում է Եվրախորհրդարանին, ապա այնտեղ արդեն հնչել են ձայներ՝  առաջարկելով օգտվել հրադադարի ռեժիմի իրավիճակից և Վրաստանի օրինակի համարժեքով Հայաստանի համար որոշակի գրավիչ «եվրոպական հեռանկար» ձևակերպել: Այնուամենայնիվ, գործնական առումով դժվար թե այս ուղղությամբ շարժ լինի: Ռուսաստանի հետ փոխգործակցությունը հակամարտության կողմերի համար այսօր ավելի կարևոր է դառնում, քան երբևէ, և ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում չի կարելի հույս դնել Ռուսաստանի` «եվրոպական հեռանկարների» նկատմամբ դրական  վերաբերմունքի վրա», - ամփոփել է Սերգեյ Ուտկինը: