Պուտինը մնում է ԱՄՆ-ի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման կողմնակից. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շարունակում է մնալ ԱՄՆ-ի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատման հաստատուն կողմնակիցը` չնայած Վաշինգտոնից եկող թշնամական տրամադրություններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ընդհանուր առմամբ, չնայած Վաշինգտոնի կողմից արված բոլոր կոշտ հայտարարություններին և թշնամական դրսևորումներին, նախագահ Պուտինը շարունակում է մնալ ԱՄՆ-ի հետ բարիդրացիական հարաբերությունների կառուցման հաստատուն կողմնակիցը` առնվազն մեզ համար ձեռնտու ոլորտներում: Մեր երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մենք միշտ պատրաստ ենք գնալ այնքան հեռու, որքան պատրաստ են մեր գործընկերները»,-ասել է Պեսկովը:

Ըստ նրա, Մոսկվան երբեք չի եղել Վաշինգտոնի հետ հարաբերությունները ծայրահեղ աստիճանի հասցնելու կողմնակից:

«Մենք երբեք որևէ մեկի համար սպառնալիք չենք ներկայացրել և չենք ներկայացնում: Բայց մենք, իհարկե, երբեք թույլ չենք տա որևէ մեկին, այդ թվում` ԱՄՆ-ին, մեզ սպառնալ, մեզ ինչ-որ բան թելադրել և ոտնահարել մեր շահերը: Ամերիկյան կողմի թշնամանքն ու գործողությունների անկանխատեսելիությունը մեզ պարտավորեցնում է պատրաստ լինել ամենավատ սցենարներին: Երբ ունեք բավականաչափ ագրեսիվ, անկանխատեսելի զրուցակից, միշտ մոբիլիզացված եք լինում»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը:

Պեսկովը նաև նշել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ լրագրողների հարցերը «ավելի շատ են, քան այդ հարաբերությունների ծավալը»: