Ռուսաստանը ծրագրում է միջուկային շարժիչների օգտագործմամբ թռչել Յուպիտեր, Սատուրն, Ուրան կամ Նեպտուն
Ռուս գիտնականները սկսել են միջուկային տիեզերական շարժիչների օգտագործմամբ թռիչքներ ծրագրել դեպի Յուպիտեր, Սատուրն, Ուրան կամ Նեպտուն մոլորակներ:

Այս մասին գրում է svpressa.ru-ն, նշելով՝ այս շարժիչները ներկայում մշակվում են Ռուսաստանի Դաշնությունում: 

«Հիմա մենք նույնիսկ սկսել ենք երազել դեպի հսկա մոլորակներ թռչելու մասին: Մինչ այս պահը, նախկինում երբեք ո՛չ Խորհրդային Միությունում, և ո՛չ էլ Ռուսաստանում չեն թռչել դեպի այդ մոլորակներ, բայց մեր ունեցած ժամանակակից տեխնոլոգիայի շնորհիվ դա կարելի է անել»,- ասել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի գիտական հարցերով ղեկավար Լև Զելենին:

Նշվում է, որ խոսքը վերաբերում է ավտոմատացված տրանսպորտային միջոցին, որն Արեգակնային համակարգի շուրջ պտույտ կկատարի 40 տարուց էլ կարճ ժամանակում:

Բացի այդ, գիտնականները քննարկում են էլեկտրահրթիռային շարժիչներով թռչելու հնարավորությունը: