Ոստիկաններն իրենց պահեցին բարոյալքված ծառաների պես, որոնք ծառայում են թշնամուն
Ընդամենը մեկ անգամ Ոստիկանությունից պահանջվում էր լինել մարդավայել, տղամարդու կեցվածք դրսևորել։ Իրենք գիտեին, որ լինելու է ակցիա, բայց հերթական անգամ իրենց պահեցին բարոյազրկված, բարոյալքված ծառաների պես, որոնք ծառայում են թշնամուն, դավաճաններին, և այդ ծառայության ընթացքում, փաստացի, որևէ արգելք, բարոյական որևէ պատնեշ իրենց համար գոյություն չունի։ Այս մասին Ոստիկանության կենտրոնականի բաժնի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով «ՎԵՏՕ»-ի կին անդամների բերման ենթարկմանը։

«Նրանք փորձում են խլացնել մարդկանց ձայները, քարշ տալով տանել Ոստիկանության բաժիններ, բերման են ենթարկում զոհված սպայի աղջկա, թեև իրենց զգուշացնում են, որ այդ աղջիկը մեծ կորուստ ունի։ Ով, եթե ոչ նա պետք է պահանջի դավաճանի հեռացում, մինչդեռ այդ իշխանությունն այսօր Թուրքիայի, Ադրբեջանի հետ  հաշտության քարոզներ է անում, փոխանակ մտածի՝ ինչպես դուրս գալ այս աղետից»,- ասաց նա։ Հարցին՝ ինչո՞ւ են քաղաքացիները շարունակում պահանջել Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, եթե, միևնույն է, նա պատրաստվում է հրաժարական տալ, քաղաքագետն արձագանքեց, որ քաղաքացիները Նիկոլի հրաժարականը չեն պահանջում, պահանջում են դավաճան իշխանության հեռացում։ «Նրա խոսքը, թե հունիսի 20-ին ընտրություններ են լինելու, գրոշի արժեք չունի։ Բոլորս ենք տեսել, որ նրանք անընդհատ խաբում են, փորձում են օրակարգ շեղել։ Կան երկրում արժանապատիվ քաղաքացիներ, որոնք շարունակելու են պայքարել դավաճան իշխանության հեռացման համար՝ անկախ նրանից՝ կլինեն ընտրություններ, թե ոչ, և ինչ արդյունքներ կունենան»,-հայտարարեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։