Ադրբեջանցիները քարեր են շպրտել Կապան-Երևան ճանապարհով անցնող հայկական ավտոմեքենայի վրա․ Կապանի համայքնապետ
Ադրբեջանցիները այս երկու օրերի ընթացքում քարեր են շպրտել Կապան-Երևան ճանապարհով անցնող հայկական ավտոմեքենայի վրա։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սյունիքի մարզկենտրոն Կապանի համայնքապետ Գևորգ Փարսյանը՝ չհստակեցնելով, թե դեպքը կոնկրետ երբ է տեղի ունեցել։ «Դեպքը տեղի է ունեցել Կապանից գնալուց՝ Դավիթ Բեկ-Շուռնուխ ճանապարհի հատվածում։ Այդ հատվածը գտնվում է ռուս սահմանապահների վերահսկողության տիրույթում։ Դիրքավորված հատվածից ադրբեջանցիները քար են նետել ճանապարհի ուղղությամբ՝ մեքենայի վրա»,-մանրամասնեց համայնքապետը՝ նշելով, թե ավտոմեքենան չի վնասվել։ Նրա խոսքով՝ նման իրավիճակներն անհանգստացնող են անվտանգության առումով։