Իրան է առաքվել AstraZeneca պատվաստանյութի` ԱՀԿ ծրագրով հատկացվող առաջին խմբաքանակը
Առողջապահության համաշխարհային կազմակերպության COVAX ծրագրով հատկացվող պատվաստանյութի առաջին խմբաքանակը հասել է Թեհրան: Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, այս մասին տեղեկացրել է երկրի Սննդի և դեղամիջոցների վերահսկման վարչության խոսնակ Քիանուշ Ջահանպուրը:

Վերջինս նշել է, որ առաջին խմբաքանակը ներառում է անգլո-շվեդական AstraZeneca ընկերության և Oxford համալսարանի համատեղ արտադրության պատվաստանյութի ավելի քան 700 000 չափաբաժին, որն Իրան է հասել կիրակի գիշեր: Նշվում է, որ հարավկորեական SK Bioscience Co Ltd ընկերության արտադրած դեղամիջոցը Թեհրան է բերվել Ամստերդամից:     Ջահանպուրի խոսքով` Իրանը, ընդհանուր առմամբ, 16,8 մլն չափաբաժին պատվաստանյութ կստանա ԱՀԿ-ի COVAX ծրագրով: Բացի այդ, երկրի իշխանությունները նախատեսում են ևս 25 մլն չափաբաժին ներկրել և ևս 25 մլն-ն արտադրել երկրում: