Դիմել եմ` ադրբեջանցու կողմից ՀՀ ինտերնետ մատակարարին գնելու ինֆորմացիան ճշտելու համար
Գրավոր դիմել եմ ՀՀ Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարություն՝ ճշտումներ կատարելու տեղեկատվության իսկության և ՀՀ համար հնարավոր անվտանգային խնդիրներ ստեղծելու վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը՝ անդրադառնալով մամուլում տարածված տեղեկությանն առ այն, որ ազգությամբ ադրբեջանցի Նասիբ Հասանովը դարձել է Հայաստանի ինտերնետ թրաֆիքի 85 տոկոսը մատակարարող ընկերության սեփականատերը:

«Վրացական մամուլում տեղեկություններ են հայտվել այն մասին, որ ադրբեջանցի Նասիբ Հասանովը գնել է «Կավկասուս Օնլայն» (Caucasus online) ընկերության մնացորդային 51 տոկոսանոց մասնաբաժինը։

Նշվում է նաև,  որ վերջինս նախկինում ձեռք էր բերել ընկերության 49 տոկոս մասնաբաժինը։ Հայտնի է, որ այս վրացական ընկերությունը ապահովում է Հայաստանում ինտերնետ թրաֆիքի 85, Ադրբեջանի 50 և Վրաստանի 55 տոկոսը։

Այս տեղեկությունները հայաստանյան հանրային շրջանակներում առաջացրել են մտահոգություն առ այն, որ ընկերության խոշոր մասնաբաժնի ձեռքբերումը թշնամի պետության ներկայացուցչի կողմից կարող են խնդիրներ առաջացնել ՀՀ՝ համար։

Գրավոր դիմել եմ ՀՀ Բարձր տեխնոլոգիաների և արդյունաբերության նախարարություն՝ ճշտումներ կատարելու տեղեկատվության իսկության և ՀՀ համար հնարավոր անվտանգային խնդիրներ ստեղծելու վերաբերյալ»,- գրել է Սամսոնյանը: