Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է՝ երկիրը մինչև վերջ կործանման տանելու համար. Tert.am
Մեր երկրում շատ վաղուց քաղաքական խորը ճգնաժամ է, իշխանության ճգնաժամ է: Մենք գործ ունենք անիշխանության հետ: Ստեղծված իրավիճակը լի է մարտահրավերներով: Այս մասին ընդդիմադիրների՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով հանրահավաքի ընթացքում Tert.am-ի հետ զրույցում ասաց հասարակական-քաղաքական գործիչ Սամվել ֆարմանյանը:

Ըստ Ֆարմանյանի՝ ամեն ինչ պետք է անել, որ լուծումներն այնպիսին լինեն, որպեսզի հասարակությունն այս ճգնաժամից դուրս գա միասնական և համերաշխ: «Երկփեղկված հասարակությունը ՀՀ ապագա իշխանությունների համար մեծ գլխացավանք է դառնալու»,-նշեց նա:

Նրա դիտարկմամբ՝ ՀՀ անվտանգության ճարտարապետությունը խաթարված է, պետք է օր առաջ գծագրել այնպիսի անվտանգության համակարգ՝ հարմարացնելով արդեն գոյություն ունեցող իրողություններին, որ մեր բնակությունն իրեն անվտանգ զգա, իմանա, որ պետության անվտանգությունը, սահմանների անձեռնմխելիությունն ապահովված են:

«Մեծ անելիքներ կան ՌԴ-ի հետ համագործակցության հարթությունում, Մինսկի խմբի գործընթացի վերակենդանացման հարցում: Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պահանջը, Արցախի նվաճված տարածքների դեօկուպացիայի խնդիրը ոչ մի տեղ չեն անհետացել, բայց դրանք լուծելու համար պետք են ոչ թե հայտարարություններ, այլ առաջին հերթին աղմուկից զերծ իրավիճակ: Ես տպավորություն ունեմ, որ այս արհեստական աղմուկը, որ 3 տարի երկրում հրահրվում է, նպատակ ունի ուշադրությունը շեղել այն գողությունից, որը տեղի ունեցավ Արցախի հարցում, և հայտնի չէ՝ ուրիշ ինչ է պլանավորվել»,-ասաց հասարակական-քաղաքական գործիչը:

Ըստ նրա՝ ակնհայտ է, որ բոլորը համաձայն են՝ Նիկոլ Փաշինյանն անգործունյա և երկիրն աղետի հասցրած իշխանություն է:

«Նիկոլ Փաշինյանն այս պահին աջակից չունի, մարդկանց այն խումը, որը դեռևս բռնել է Փաշինյանին, չի ուզում թողնել, ոչ թե Նիկոլին է աջակցում, այլ արդարության կարոտ է: Իրենք լավ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանն ինչ խոստացել է, խաբել է, իրենց երեխաների արյունը, մեր հողերն է վաճառքի հանել: Իրենք չեն ուզում, որ երկրում եղած բացասական երևույթները վերադառնան»,- ասաց նա՝ ընդգծելով, թե Նիկոլ Փաշինյանն ամեն ինչ անում է՝ մեր երկիրը մինչև վերջ կործանման տանելու համար: