Փաշինյանը վերջին շրջանում ցույց տվեց, որ ի վիճակի չէ շարունակել մնալ որպես ՀՀ վարչապետ
Արդեն նկատելի է տրամադրության փոփոխություն ժողովրդի մոտ և դա կարևորագույն առաջխաղացումներից մեկն է, չնայած կան շատ քաղաքացիներ, որոնք հենց բուն շարժմանը չեն աջակցում: Այս մասին այսօր Երևանի Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասաց նախկին ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը:

«Այս պահին կա շատ էական փոփոխություն, առաջինը այդ փոփոխությունը նկատելի է մեր ժողովրդի տրամադրության փոփոխման մեջ: Այսօր Բաղրամյան պողոտա այցելում են շատ մարդիկ, որոնց մի մասը չի աջակցում նաև մեզ, չունի շարժման նկատմամբ համակրանք, բայց նրանք գալիս են այստեղ բացառապես իրենց բողոքի խոսքը բարձրաձայնելու և իրենց դիրքորոշումը ցույց տալու գործող իշխանության նկատմամբ»,- ասաց Վանեցյանը:

Նա նաև նշեց, որ «Հանուն հայրենիքի փրկության» շարժումը չի շեղվելու իր բուն օրակարգից։ «Մեր օրակարգը լրիվ նույնն է Նիկոլ Փաշինյանի հրաժարական և ժամանակավոր կառավարության ձևավորում, որից հետո արտահերթ խորհրդարանական ընտրություններ  և միանշանակ Հայաստանի Հանրապետությունում՝ ով պետք է լինի իշխանություն, դա որոշելու է ժողովուրդը ազատ կամարտահայտության միջոցով»,- ասաց նա:

Արթուր Վանեցյանը նաև ընդգծեց՝ Հանրապետության հրապարակի մարտիմեկյան հանրահավաքից հետո ամեն բան ակնհայտ է, և վարչապետի գլխավորությամբ արտահերթ ընտրություններ լինել չեն կարող:

«Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում ցույց տվեց, որ ինքը ի վիճակի չէ շարունակել մնալ ՀՀ վարչապետ, իր վերջին քայլերը ցույց են տալիս, որ նա չի կարողանալու ապահովվել արդար ընտրություններ և այդ ընտրությունները, եթե կազմակերպվեն Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ՝ չեն վայելելու մեր ժողովրդի մեծամասնության վստահությունը»,- ասաց Արթուր Վանեցյանը:

ԱԱԾ նախկին տնօրենը նաև նշեց, որ գնալով հանրային ճնշումը այնքան է մեծանալու, որ Փաշինյանը ստիպված կլինի ներկայացնել հրաժարական: «Բաղրամյան պողոտան 10 օր շարունակ շուրջօրյա ռեժիմով փակված է, այստեղ տեղադրված են վրաններ և մեր կողմնակիցները, մեր ժողովուրդը այստեղ են լինում, իսկ ընթացքում լինում են հանրահավաքներ, երթեր, տարբեր քաղաքական միջոցառումներ, իսկ կոնկրետ քայլեր լինելու են, երբ հանրային ճնշման արդյունքում Նիկոլ Փաշինյանը ստիպված ներկայացնի հրաժարականը»,- ասաց Վանեցյանը: