Սոթքի ոսկու հանքավայրի մոտ 300 աշխատակցի կրճատման հարց է առաջացել, նրանցից մոտ 100-ն արդեն կրճատվել է
Սոթքի ոսկու հանքավայրի աշխատակիցները հայտնի պատճառներով պատերազմից հետո հարկադիր պարապուրդի մեջ էին գտնվում, որովհետև հանքն ամբողջ ծավալով չի աշխատում: Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

Նա նկատեց, որ հանքավայրի շահագործումը դադարեցվել է մի մասով, որովհետև հանքվայրի մեծ մասը մնացել է ադրբեջանական վերահսկողության տակ:

«Եվ հիմա մոտ 300 աշխատակիցների կրճատմամբ հարց է առաջ եկել, մոտ 100-ը կրճատվել են, մնացածն էլ ընթացքի մեջ են: Սա նշանակում է, որ Վարդենիսի և հարակից շրջանների մոտ 300 ընտանիք մնալու է առանց աշխատանքի, իսկ սոցիալական այս ծանր պայմաններում սահմանամերձ շրջանում սա իսկապես լուրջ խնդր է, և նրանք ծայրահեղ միջոցների են ցանկանում դիմել»,- ասաց նա։

Պատգամավորը նշեց, որ իր հետ կապվել են բազմաթիվ անձինք՝ Վարդենիսից և հարակից շրջաններից, որոնք մտադրություն ունեն իրենց բողոքը արտահայտել՝ փակելով երկաթգիծը, որտեղով տեղափոխվում է Սոթքի ոսկու հանքավայրի հանքանյութը՝ դեպի Արարատ, նաև այլ ծայրահեղ միջոցների են ուզում դիմել:

Պատգամավորը հույս հայտնեց, որ իր հայտարարությունը կօգնի, որ Կառավարությունը որևէ քայլ ձեռնարկի՝ մեղմելու այդ դժգոհությունը, առաջարկելու որևէ տարբերակ: «Սա հրատապ հարց է և օր առաջ պետք է կարողանանք մարդկանց այլընտրանք առաջարկել, որքան էլ երկրում սոցիալական ծանր վիճակ է»,-ասաց նա: