ԱԷՄԳ–ն և Իրանը միջուկային օբյեկտների դիտարկումը շարունակելու վերաբերյալ համաձայնություն են ձեռք բերել
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (IAEA) կկարողանա շարունակել ստուգումները՝ Իրանի միջուկային օբյեկտներում: Այնուամենայնիվ, դրանք կանցկացվեն սահմանափակ ձևաչափով: Այս մասին կիրակի, Թեհրանում կայացած բանակցություններից հետո, հայտարարել է գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, հաղորդում է Korrespondent–ը:

«Ինտենսիվ խորհրդակցությունները լավ արդյունքներ են տվել: Ձեռք է բերվել ժամանակավոր տեխնիկական համաձայնություն: ԱԷՄԳ-ը կշարունակի անհրաժեշտ ստուգումն ու մոնիթորինգը Իրանում», - գրել է Գրոսը:

Համատեղ հայտարարության մեջ Իրանը և ԱԷՄԳ-ն բացատրել են, որ, համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, գործակալությունը նմանատիպ մոնիթորինգը կշարունակի առավելագույնը երեք ամիս:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ, Իրանի խորհրդարանի կողմից դեկտեմբերին ընդունված օրենքի համաձայն, փետրվարի 23-ից կդադարեցվեն Իրանի միջուկային համաձայնագրով (JCPOA) նախատեսված՝ թափանցիկության մի շարք միջոցառումներ: 

Gazeta.ru–ն հիշեցնում է, որ վերջերս հայտնի է դարձել, որ Իրանը մետաղական ուրանի արտադրություն է սկսել՝ որը կարող է օգտագործվել ատոմային ռումբ արտադրելու նպատակով: Այս մասին հայտարարել է ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին: Նրա խոսքով՝ Սպահան քաղաքի միջուկային օբյեկտում արտադրվել է 3.6 գրամ մետաղական ուրան:

Հիշեցնենք, որ Իրանի և 6 պետությունների միջև 2015 թվականին ստորագրվել է Իրանի միջուկային համաձայնագիրը, որը պաշտոնապես կոչվում է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (JCPOA): 2018 թվականին Միացյալ Նահանգները դուրս է եկել համաձայնագրից և տնտեսական պատժամիջոցներ կիրառել Թեհրանի դեմ: ԱՄՆ–ի նորընտիր նախագահ Ջո Բայդենն իր քարոզարշավի ընթացքում խոստացել է վերադառնալ համաձայնագրին, սակայն ընտրություններից հետո նշել է, որ դա այդքան էլ հեշտ չի լինելու։ Իրանն էլ իր հերթին հետ է կանգնել համաձայնագրով սահմանված իր պարտավորություններից և նշել, որ դրանց կվերադառնա միայն Միացյալ Նահանգների՝ համաձայնագրին վերադառնալուց հետո։