Կարեն Բեքարյանի և Արա Սաղաթելյանի ձերբակալությունը մեծ ոգևորություն է առաջացրել Ադրբեջանում
Դժվարանում եմ ասել` դատարանները կգտնվեն իրենց բարձր վարկանիշի վրա, թե ոչ, ամեն դեպքում հույս ունեմ, քանի որ ի տարբերություն իրավապահ համակարգի, որը գրեթե ամբողջությամբ վերածվել է ռեպրեսիվ համակարգի, դատական համակարգում մենք երբեմն տեսնում ենք բավականին ադեկվատ և ողջամիտ լուծումներ և վարքագիծ: Այս  մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Քառյակ Մեդիա» ընկերության համահիմնադիր Արման Սաղաթելյանը՝ անդրադառնալով ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալության գործով դատաքննությանը:

Հիշեցնենք, որ դատարանը քննում է Արա Սաղաթելյանին ձերբակալելու որոշման դեմ պաշտպանի բողոքը։

Ազգային անվտանգության ծառայությունը ձերբակալել էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին, «Քառյակ մեդիա»-ի համահիմնադիր Կարեն Բեքարյանին և «Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության գրասենյակի մենեջեր Մհեր Ավագյանին:

Նրանք ձերբակալվել են Քրեական օրենսգրքի 226-րդ (կազմակերպված խմբի կողմից ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելը), 2262 -րդ (կազմակերպված խմբի կողմից բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայինորեն արդարացնելը կամ քարոզելը), 3074 - րդ հոդվածների (ռազմական դրության իրավական ռեժիմի ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնները խախտելը) հատկանիշներով:

Արման Սաղաթելյանի խոսքով՝ դատական համակարգն այն ինստիտուտն է, որն առայժմ փորձում է հակադրվել այս քաղաքական պատվերներն ու էժանագին  շոուները սպասարկելու գործընթացին:

«Դատական համակարգն ամեն դեպքում փորձում է զերծ մնալ քաղաքական գործընթացներից, իսկ թե ինչ կլինի, մենք կտեսնենք շուտով, դժվար է ինչ-որ բան կանխատեսել, որովհետև բոլոր տեսակի գործընթացները վաղուց դուրս են եկել տրամաբանության, ողջամտության սահմաններից: Հետևաբար դրանք հանկարծակի գեներացվող ինչ-որ պրոցեսներ են և ինչի են բերելու կամ ուր են փորձում տանել և էլ ինչ կհորինեն, շատ դժվար է ասել»,-ասաց Արման Սաղաթելյանը:

Դիտարկմանը, որ մի շարք անձինք պնդում են, որ ձերբակալվածները բարձր փորձագիտական մակարդակ ունեն և Արա Սաղաթելյանի մասով էլ ասում են, որ նաև ապրիլյան պատերազմի ժամանակ մեծ աշխատանք է իրականացրել, արդյոք պատահակա՞ն է իշխանության կողմից նրանց թիրախավորելը, Սաղաթելյանն ասաց, որ այստեղ 2 տարբեր ուղղությամբ պետք է շարժվել:

«Անշուշտ, և՛ Կարեն Բեքարյանը, և՛ Արա Սաղաթելյանը, կարող եմ ասել, որ մեր մասնագիտական ոլորտում խոշորագույն փորձագետներ են և տարիների փորձ ու համբավ ունեն: Տևական ժամանակ այդ մարդիկ ադրբեջանական քարոզչության ահ ու սարսափն են եղել: Հետևաբար այդ մարդկանց այս եղանակով, այս տեսակով ձերբակալությունը արդեն մեծ ոգևորություն է առաջացրել Ադրբեջանում, նրանք ողջունում են այս փաստը, և այս առումով թե դա ում ջրաղացին, ինչ ջուր լցնում և թե դա ինչ ուղերձ է կամ ինչին է ծառայում, մենք կարող ենք պատկերացնել»,- ասաց Արման Սաղաթելյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։