Դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը հայտնի ֆեյքի գործով հրահանգել է կալանավորել Արամ Սարգսյանին. Mediaport
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը հայտնի ֆեյքի գործով հրահանգել է կալանավորել Արամ Սարգսյանին, գրում է Mediaport թելեգրամյան ալիքը:

Հասարակական գործիչ Վահագն Վարագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը այլ դատավորի հեռախոսով փորձել է հայտնի ֆեյքի գործով ձերբակալված 4 անձանց ամեն գնով «նստեցնելու» հրահանգ տալ:

«Քիչ առաջ ընկերներիս հետ սրճարանում էի: Մի մարդ, իրար խառնված, հեռախոսով վիճաբանում էր այնպես, որ հնարավոր չէր չլսել, թե ինչ է խոսում: Ողջ սրճարանն էր լսում, թե ինչպես է հեռախոսի մեջ գոռում «ինչ կապ ունի, թե անչափահաս երեխաներ ունեն և օրենքով նրանց ազատազրկել չի կարելի, ԱԱԾ տնօրենին են հայհոյել, պետք է նստեն, ոնց ուզում ես՝ արա, դրանք պետք է նստեն»: Կողքի սեղանից ծանոթներս ասացին, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Մկրտչյան Արթուրն է: Համացանցում գտա նաև լուսանկարը: Եվ, քանի որ զուգադիպությունների չեմ հավատում, կարելի է ենթադրել, որ խոսքը վերաբերվում էր հայտնի ֆեյքի գործով ձերբակալված 4 անձանց ամեն գնով նստացնելուն: Կարելի է առնվազն ենթադրել, որ դատարանի նախագահը դատավորին փորձում էր պատվեր իջեցնել՝ ամեն գնով նստացնելու պատվեր: Եվ սա ևս մեկ լրացուցիչ փաստարկ է, որ հանրությանը քաջածանոթ Արա Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը քաղբանտարկյալներ են»,- գրել է Վարագյանը:

Վերջինի գրառմանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է նույն գործով ձերբակալված Արամ Սարգսյանի փաստաբան Բենիկ Գալստյանը՝ հայտնելով, որ սպասում է իր պաշտպանյալի կալանավորման միջնորդության վերաբերյալ որոշմանը:

«Այժմ սպասում եմ դատարանի կողմից իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանի կալանավորման միջնորդության վերաբերյալ որոշմանը։ Պաշտպանյալս ունի երեք անչափահաս երեխա։ Հուսով եմ, որ սա պատահականություն է։ Ամեն դեպքում վստահեցնում եմ բոլորիդ, որ մինչև վերջ գնալու եմ սույն գործով ամեն տեսակի խախտման ետևից»,- գրել է փաստաբանը:

Հիշեցնենք, որ երեկ ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Կարեն Բեքարյանի տանը, ինչից հետո նա բերման էր ենթարկվել ԱԱԾ ու ձերբակալվել։

Նույն գործով ձերբակալվել է նաև ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը