«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը անում է ամեն ինչ, որ հայ ռազմագերիների վերադարձի հարցը լուծվի. Փետրվարին այս հարցով կրկին դիմել եմ Պուտինին». Արա Աբրահամյան
«Republica.am»-ը ներկայացնում է «Համաշխարհային հայկական կոնգրես միության» նախագահ, «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանի հետ երեք մասից բաղկացած հեղինակային հարցազրույցի երրորդ մասը:

Republica.am. — Ռազմագերիների վերադարձը մեր հանրության հուզող ամենակարևոր հարցերից մեկն է: Ի՞նչ եք կարծում՝ ո՞րն է հիմնապատճառը, որ ռազմագերիները դեռևս չեն վերադարձվել:

Ա.Ա. — Գերիների հարցը ցանկացած պատերազմի ամենազգայուն հարցերից մեկն է: Եթե վճռականություն չցուցաբերվի և միանգամից չլուծվի, այն լուծելը հնարավոր է, որ տևի տարիներ:

Ինչպես գիտենք՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության 8-րդ կետը նախատեսում է գերիների վերադարձ «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով: Ու չնայած նրան, որ Հայաստանը դեռ չի ստացել Բաքվում պահվող բոլոր հայ ռազմագերիներին, բայց Հայաստանի իշխանությունները միանգամից տվել են Հայաստանում պահվող ադրբեջանցի բոլոր ռազմագերիներին, այդ թվում՝ հանցագործներին և տեռորիստներին, որոնք դատապարտվել էին ազատազրկման սպանությունների, այդ թվում՝ երեխայի սպանության համար: Տալով բոլոր ադրբեջանցի ռազմագերիներին և հանցագործներին՝ Փաշինյանը իրեն զրկել է բանակցային առավելություններից և խաղաքարտերից: Դեռևս այն ժամանակ պարզ էր բոլորին (բացի Փաշինյանից), որ Ալիևը, որը համամարդկային քաղաքակրության արժեքներից իրեն դուրս է դրել՝ չի վերադարձնելու հայ ռազմագերիներին:

Եթե Փաշինյանին հետաքրքրեին այդ մարդկանց ճակատագրերը, ում նա անվանում է «հպարտ քաղաքացիներ», ապա այդ մարդկանց վերադարձի հարցը լուծված պետք է լիներ դեռևս նոյեմբերին՝ եռակողմ հայտարարությունից անմիջապես հետո: Եվ այդ հարցը պետք է կարգավորվեր «փաթեթային» մոտեցմամբ, որի մեխանիզմը ես նշեցի:

Սակայն, Արցախի և Հայաստանի տարածքները հակառակորդին հանձնող, հնազանդ Նիկոլ Փաշինյանը չէր էլ մտածում, որ ռազմագերիների վերադարձի հարցը դարձնի բանակցությունների սեղանին օրակարգային սկզբունքային հարց: Ու բանը հասավ նրան, որ Ալիևը ուղղակի սկսեց ծաղրել մեզ՝ մեղադրելով մեր ռազմագերիներին տեռորիզմի մեջ: Հայկական ղեկավարությունը չարեց ոչինչ, որպեսզի խոչընդոտի Ալիևին. Ինչու՞ Փաշինյանը հայտարարության ստորագրման առաջին օրից` հայտարարության իրագործման հարցը չկապեց ռազմագերիների վերադարձի հարցի հետ: Ինչու՞ էր Փաշինյանին հետաքրքրում հողերը հանձնելու հարցը, և ոչ թե այն անձանց հարցը, որոնք հայտնվել էին ֆաշիստական ռեժիմի ձեռքում գերի, կամ այն անձանց հարցը, որոնք երկշաբաթյա ժամկետում ստիպված էին լքել իրենց տները:

Չանելով այս ամենը նա նենգաբար խաղում է գերիների և անհայտ կորածների հարազատների էմոցիաների հետ: Նա այս հարցը դարձրել է իր կողմից օգտագործվող շանտաժի մաս. Նա քաղաքական ուժերին, որոնք արդարացիորեն պահանջում են իր ու իր թիմի հրաժարականը ասում է, որ դա նեգատիվ կարող է ազդել գերիների վրա:

Որպես գերությունից՝ օտարերկրյա, Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ազատելու մեծ փորձ ունեցող մարդ՝ կարող եմ արձանագրել, որ գործընթացում մեծ դեր է խաղում բանակցողի անձը: Ակնհայտ է, որ ամեն ինչ զիջող և հնազանդ Փաշինյանը չի հանդիսանում այն անձը, որը կարող է լուծել այդ հարցը: Նա դրա համար չունի ո´չ կամք, ո´չ պոտենցիալ, ո´չ հեղինակություն:

Ժամանակին չլուծելով այս հարցը, բարդացնելով այն, հիմա նա օգտագործում է հակառուսական «խաղաքարտը» և փորձում է պատասխանատվությունը դնել Ռուսաստանի՝ որպես եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմի վրա: Վերջերս հանդես գալով Ազգային Ժողովի ամբիոնից, նա ուղիղ նշեց այս մասին, բայց մոռացավ ասել, որ Ռուսաստանին նույնիսկ ժամանակին չեն տրամադրվել հայ ռազմագերիների ցուցակները:

Նոյեմբերին՝ պատերազմից մի քանի օր հետո, երբ արդեն պարզ էր, որ հայ ռազմագերիների վերադարձի հարցը հարթ չի ընթանում, ես քայլեր ձեռնարկեցի ՌԴ ղեկավարությանը հասցնելու ամբողջ հայության անհանգստությունը այս հարցի հետ կապված: Խնդրեցի ՌԴ ղեկավարությանը, որ օգնի այս հարցում: ՌԴ նախագահին փոխանցեցի նամակ, հանդիպեցի ՌԴ արտգործնախարարի հետ: Այդ ժամանակ ասացին, որ ես փոխանցեմ մեր հանրությանը, որ անձամբ Վլադիմիր Պուտինն է զբաղվում հայ ռազմագերիների վերադարձի հարցով: Փետրվարի սկզբին՝ տեսնելով Հայաստանի իշխանությունների անգործությունը, կրկին դիմել եմ ՌԴ նախագահին և արտաքին գործերի նախարար Լավրովին (հղումը` Այստեղ): Այս հարցը երկրների ղեկավարների իրավասության տիրույթում է և հարակից այլ մեխանիզմների գործադրումը` այդքան արդյունավետ չէ։ Բայց մենք՝ որպես հասարակական միավորում, հաշվի առնելով հարցի կարևորությունը և ակտուալությունը՝ կարող ենք բարձրացնել այդ հարցը և հետևողական լինել դրանում:

Վստահ եմ՝ Վլադիմիր Պուտինը, արել և անում է ամեն ինչ, որ ռազմագերիների վերադարձի հարցը լուծվի: Բայց միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ Հայաստանի իշխանություններից բացի ոչ ոք պարտավոր չէ հոգալ Հայաստանի պետական և ազգային կարևորության հարցերի մասին, ինչպիսին է նաև այս հարցը: Ընդ որում, սա այն իշխանության հոգածության հարցը պետք է լիներ, որը աջ ու ձախ խոսում է իրեն ժողովրդի կողմից տրված «մանդատի» մասին:

Անցած տարվանից ես մշտապես պնդել եմ, որ Փաշինյանը, Արայիկ Հարությունյանը և իր թիմի մյուս անդամները պետք է հրաժարվեին ցանկացած բանակցություններից, կոնտակտներից և ուղևորություններից և կասեցնեն եռակողմ պայամանագրի իրագործման պրոցեսը մինչև որ բոլոր հայ ռազմագերիներին Ադրբեջանը չվերադարձնի: Քանի դեռ Ադրբեջանի բանտերում ապօրինաբար պահվում են հայեր, Փաշինյանի խոսքերը Ադրբեջանի հետ «տնտեսական օգուտների, նորարարությունների մասին» ոչ միայն պիղծ և անբարոյական են, այլ նաև հանցավոր անփույթ վերաբերմունք են ՀՀ քաղաքացիների իրավունքների և ազատությունների նկատմամբ:

Հարցազրույցը պատրաստեց՝ ք.գ.թ. Արամ Յազիչյանը