«Ռուսաստանից 20 հազար հայ գալիս է զինվորագրվելու հայոց բանակին». Արա Աբրահամյան
«Սա Ադրբեջանի և Թուրքիայի լայնածավալ ծրագրված ակցիա է։ Նրանք ուզում են, որ Արցախում ոչ մի հայ չլինի։ Դրա համար նրանք օգտագործում են կորոնավիրուսը։ Ինքնաթիռներ չկան, նույնիսկ մարդասիրական օգնություն ուղարկել հնարավոր չէ։ Այժմ մեզ մոտ մի գիշերվա ընթացքում 20 հազար կամավորից բաղկացած ցուցակ է կազմվել», – ասել է Աբրահամյանը։

Նա հավելել է, որ Ռուսաստանի հայերի միությունը ռազմական տրանսպորտ կխնդրի մարդկանց Հայաստան ուղարկելու համար։

Աբրահամյանը հավելել է նաև, որ հայերի միությունը հակամարտությունը կանգնեցնելուն օգնելու խնդրանքով դիմելու է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։

«Երեկ մենք ժողով ենք ունեցել, մի քանի կետ ենք ընդունել, այդ թվում` դիմել նախագահին (Վլադիմիր Պուտինին,–խմբ.), բոլոր կառույցներին և խնդրել անհապաղ կանգնեցնել այս պատերազմը, որպեսզի Ռուսաստանն օգնի կանգնեցնել հակամարտությունն ու մարդասիրական և այլ օգնություն ցուցաբերի»,– նշել է նա։

Հիշեցնենք` սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ, Հայաստանի ողջ տարածքում հայտարարվել է ռազմական դրություն` պայմանավորված Արցախում ու Հայաստանի սահմանների նկատմամբ Ադրբեջանի ձեռնարկած հարձակումներով։