«Իլհամ Ալիևը ժամանակին լավ բռնացրեց Փաշինյանին վերելակում, իսկ հիմա էլ Էրդողանն է վերելակի սպասում»
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Փաշինյան-Ալիև հարաբերություններին և Թուրքիայի հնչեցրած սպառնալիքներին։ Նա մասնավորապես նշել է՝ թշնամու ուզածը Հայկական հարցի չեզոքացումն է և Էրդողանը պատրաստ է մեծ գին վճարել Հայկական հարցից ազատվելու համար։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Իլհամ Ալիևը ժամանակին լավ բռնացրեց Փաշինյանին վերելակում։ Ընդամենը մի քանի րոպե ու Վիեննան և Սանկտ Պետերբուրգը ջուրն ընկան։ Հիմա էլ Էրդողանն է վերելակի սպասում։ Սպառնալիքները հնչեցրել, իրենք իրենց ղարաբաղյան հակամարտության կողմ են հայտարարել ու նստել սպասում են, թե երբ է Փաշինյանը մտնելու Էրդողանի կանչած վերելակի մեջ։

Թշնամու խնդիրը պարզ է, կարծում եմ։ Նրանց ուզածը Հայկական հարցի չեզոքացումն է։ Որ էլ երբեք ոչ ոք չխոսի Ցեղասպանության մասին, չփորձի այդ հարցով Թուրքիային որևէ բան բացատրել, առավել ևս՝ խոչընդոտներ ստեղծել Անկարայի համար։

Իրականում Էրդողանը պատրաստ է մեծ գին վճարել Հայկական հարցից ազատվելու համար։ 2008-ին մենք տեսանք, թե որքան հեռու գնաց Թուրքիան իր այդ երազանքի հետևից։ Բայց հենց հասկացան, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դեռ Հայկական հարցի լուծում չի նշանակում, հետ կանգնեցին այդ գաղափարից։ Իսկ հիմա տեսնում են, որ Հայաստանը բոլոր տեղերում հանգիստ զիջում է նույնիսկ այն, ինչը կենսական նշանակություն ունի մեզ համար։ Այդ է պատճառը, որ որոշել են գնալ Ալիևի հետքերով՝ սկզբից սպառնալ Հայաստանին, հետո վերելակում խոստանալ փոխել վարքագիծը՝ փոխարենը իհարկե ստանալով իրենց ամենաշատը հուզող հարցի լուծումը՝ Հայկական հարցի չեզոքացումը»։