«Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունը պայմանավորված և ուղղորդված էր»
«Ես առավոտյան ասացի, որ 3 հիմնական գործոն եմ հաշվի առնելու թեկնածություն առաջադրելիս, և առաջին հերթին՝ մարդկային որակները: Դատարանի նախագահի համար շատ կարևոր է տեսնել բաներ, որոնք մյուս դատավորները չեն տեսնի՝ տրամադրության անկումից, մի փոքր վատ զգալուց սկսած՝ մինչև առողջական խնդիրներ: Այս առումով ես որևէ այլ մարդու չէի կարող ավելի լավ ճանաչել»,- ասաց ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է ինքն առաջադրել Աշոտ Խաչատրյանի թեկնածությունը՝ որպես ՍԴ նախագահ:

Նրա խոսքով՝ ինքը բոլորին ասել է, թե ինչու իրենց չի առաջադրել:

«Աշոտ Խաչատրյանը տարիքով ամենաավագն է, գիտությունների դոկտոր է այսինքն՝ որպես հեղինակություն, ինքն իր համար ամենամեծն է և ունի որոշակի կառավարչական հմտություններ: Բացի դրանից, Աշոտ Խաչատրյանի պաշտոնավարմանը մնացել է 2 տարի, և սա յուրատեսակ անցումային ժամանակաշրջան կլիներ, մինչև 4 նոր դատավորները կինտեգրվեին»,- ասաց Հրայր Թովմասյանը:

Հրայր Թովմասյանը բացատրեց նաև, թե ինչու է նիստից դուրս եկել:

«Երբ մնաց մեկ թեկնածու, ես նիստից դուրս եկա: Ինձ մոտ տպավորություն է, որ այս ամբողջը ըստ էության ուղղորդված և պայմանավորված էր»,- նշեց Հրայր Թովմասյանը:

Ըստ նրա՝ ինքը բոլոր դատավորներին, յուրաքանչյուրին իր չափով ասել ու հիմնավորել է, որ նրանք լեգիտիմության պակաս ունեն, և իր կողմից Աշոտ Խաչատրյանի թեկնածության առաջադրումը պայմանավորված է եղել հենց նրանով, որ նա այն 4 դատավորներից մեկն է, ով լեգիտիմության պակաս չունի:

«Ես ցանկացած եղանակով շարունակելու եմ պայքարել, մինչև Հայաստանում այս հարցում սահմանադրականությունը կվերականգնվի»,- իր հետագա գործողությունների մասին հարցին ի պատասխան՝ ասաց Հրայր Թովմասյանը: