Իշխանության ոստիկանները փողոցներում անարգում են քաղաքացիներին. Էդմոն Մարուքյան
Արդեն որերորդ անգամն է՝ տեսանյութ է տարածվում, որ ոստիկանությունը բռնի ուժով  քաղաքացիներին, որոշ դեպքերում կանանց, լացացնելով, բերման են ենթարկում Ոստիկանության բաժանմունքներ ու ասում են՝ դիմակ չդնելու պատմություն է: Այս մասին Ազգային ժողովում վարման կարգով ելույթ ունենալով՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Հիմա լավագույն դեպքում Ոստիկանությունը կարող է տուգանել, ես նախ դատապարտում եմ այս ոչ իրավաչափ քայլերը և կոչ եմ անում, և ձեզ եմ կոչ անում, պարոն Միրզոյան, Դուք էլ միանաք այդ կոչին, որ պահանջենք նշանակեն ծառայողական քննություն նման իրավիճակում, սա խայտառակություն է: Դուք ասել եք, որ դուք իշխանության չեք եկել, այլ ժողովուրդն է եկել իշխանության, հիմա այդ իշխանությանը փողոցներում նման ձևով անարգում, նրանց իրավունքները ոտնահարում են, ես դա անընդունելի եմ համարում և կոչ եմ անում Դուք էլ՝ որպես ԱԺ նախագահ, դատապարտեք դա»,-ասաց նա: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, որ դատապարտելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ է եղել: «Բոլոր փաստերով իրականացվում է ծառայողական քննություն, և քննության արդյունքներից հետո մենք կարող ենք որևէ բան դատապարտել կամ չդատապարտել: Նախօրոք ասեմ, որ բոլոր տեսանյութերում այդ նկարագրված իրավիճակները շատ կարճ, հատուկ սարքած, մոնտաժված տեսանյութեր են, և նախապատմությունը ոչ մեկ չգիտի, թե ինչ է եղել, ինչպիսի դիմադրություն են ցույց տվել Ոստիկանությանը»,- ասաց նա և կոչ արեց սպասել ծառայողական քննությանը: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հավելեց, որ օրենսդրությունը նախատեսում է տարբեր պատժաչափեր՝ տարբեր տեսակի հանցանքների, զանցանքների, հանցագործությունների հետ կապված, և քաղաքացին բոլոր իրավունքներն ունի՝ այդ թվում արդար դատավարության: «Եթե սահմանված նորմերը խախտվում են և դրանց համար սահմանված են որոշակի տուգանքներ, սանկցիաներ, Ոստիկանությանը պարտավոր է դա իրականացնել։ Եթե Դուք կարծում եք, որ առանձին դրվագներում Ոստիկանությունը վերազանցել է իր լիազորությունները, ապա պետք է լինի զննություն, ընթացքում կերևա: Տեսական ասել, թե դատապարտում ենք Ոստիկանությանը, կամ քաղաքացուն, տենց ո՞նց կլինի, քաղաքացին էլ է մերը, ոստիկանն էլ է մերը, և ընդհանրապես սա մեր պետությունն է և պետք է հարգենք սահմանված նորմերը և օրենքները»,- ասաց նա: