Ինձանից պահանջում են հերքել «ժողովրդի փողը գողացողը պետք է պատժվի» արտահայտությունը
Ինձանից պահանջում են հերքել գաղտնիության մասին գլխավոր դատախազությունից ստացված տեղեկությունները, այստեղ հարց է առաջանում, եթե որևէ գաղտնիություն այդտեղ չկա և չի կարող լինել, այդ թվում նաև հաշվարկվող աշխատատեղերի հիման վրա, ապա ինչու է հղում արվել գաղտնիությանը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը՝ խոսելով իր դեմ ներկայացված դատական հայցի մասին:

Հիշեցնենք, որ Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի գործադիր տնօրենը (1000 դրամների հիմնադրամ) դատական հայց է ներկայացրել պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դեմ: Պահանջում են հերքել խորհրդարանում հնչեցրած հայտարարությունները, թե 1 մլրդ 900 մլն դրամ գումար չի փոխանցվել հիմնադրամին:

«Ինձանից պահանջում են հերքել «ժողովրդի փողը գողացողը պետք է պատժվի» արտահայտությունը: Ուզում եմ հայցվոր կողմին հուշել, որ սա պարզապես հետապնդում է այն քաղաքական գործի նկատմամբ, որը պարզապես փորձում է բոլոր հնարավոր ձևերով աջակցել ՀՀ-ում բաց, թափանցիկ, ժողովրդի համար ակնառու կերպով պետական միջոցների գոյացման, բաշխման մեթոդաբանությանն ու ճանապարհներին»,- ասաց նա և հավելեց, որ այն աղմուկը, որը բարձրացվել էր նաև ԱԺ-ում՝ իր անձի վերաբերյալ հետապնդում է:

Հարցին, թե որպես  հանձնաժողովի նախկին անդամ ինչ է կարծում Ուրիխանյանը գումարների անհետացման մասին, նա արձագանքեց, որ երկու տարբերակ կա՝ կամ գումարները եղել են և տեղ չեն հասել կամ գումարները չեն եղել, որովհետև աշխատատեղեր չկան:

Նա կրկին հիշեցրեց, որ այս ամենը սկսվել է նրանից, երբ նա հարցրել է՝ ո՞ւր են այդ գումարները: «Եթե հիմնադրամը, որի ղեկավարը Կառավարության անդամ է, որոշում է հայց ներկայացնել իմ դեմ միայն նրա համար, որ ես այդ հարցն եմ տվել, հանել են ինձ հիմնադրամից և հետո պահանջում է, որ ես հերքեմ այն փաստը, որ այդ հարցի համար են ինձ հեռացրել, ապա ինչպես անում են՝ «ցըմփ»»: