Ռուսական պատվաստանյութով հետաքրքրված են 50 երկրներ. Հայաստանը չկա այդ ցանկում
Ռուսական 1-ին ալիքի հետ հարցազրույցում Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը նշել է, որ 50 երկրներ հետաքրքրված են ռուսական պատվաստանյութի մատակարարմամբ։

Նա նշել է, որ 20 երկրների հետ այդ հարցով գործնական բանակցություններ են ընթանում։

ՌԴ մամուլում արդեն մեկ ամիս է, ինչ շրջանառվում են ռուսական «Սպուտնիկ V» անվանումը կրող վակցինայի ձեռքբերմամբ հետաքրքրված երկների ցանկը՝ Մեքսիայից՝ մինչև Ֆիլիպիններ։ Այդուհանդերձ, որևէ նշում չկա, որ Հայաստանը ևս հետաքրքրված է այդ վակցինայով։

Ավելի վաղ Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ ինքը նախնական բանակցություններ է վարել Նուբար Աֆեյանի «Մոդեռնա» ընկերության հետ, որի վակցինան` հաջող փորձարկումների պայմաններում՝ կգրանցվի միայն հունվար ամսին։ Նա նաև նշել էր, որ Հայաստանը կարող է պատվաստանյութը ձեռք բերել Առողջապահության համաշխարհային կազմակերպության GAVI հարթակի միջոցով։ GAVI-ին պատրաստվում է աղքատ երկրների համար բաշխի պատվաստանյութերը` 1-2 տարուց։

Ինչ վերաբերում է ռուսական արդեն իսկ գրանցված «Սպուտնիկ V» պատվաստանյութին՝ Դմիտրիևը նշել է, որ Ռուսաստանը դեռևս կարող է արտադրել «միայն որոշակի քանակությամբ» դեղամիջոց, ուստի հիմնադրամը համագործակցում է սահմանափակ քանակով երկրների հետ: