«Միքայել Մինասյանի հայտարարության առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՔԾ-ում հարուցված քրեական գործը կարճվել է». Լուսինե Սահակյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարության առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի պաշտպան Լուսինե Սահակյանը:

«Մենք դիմել ենք ՀՔԾ, որ ստանանք գործի նյութերը, մեզ պատասխան է եկել, որ քանի որ Արթուր Վանեցյանը հրավիրված է եղել որպես վկա, նյութեր չեն տրամադրելու, սակայն քրեական գործը կարճված է՝ հանցակազմի բացակայության հիմքով»,-ասաց Սահակյանը:

«Որովհետև Արթուր Վանեցյանը վկայի կարգավիճակ է ունեցել: Այսինքն՝ բացառման սկզբունքով այս երկրում մնում է մեկ պաշտոնյա, որին կարող էր մեղադրանք առաջադրել: Այստեղ արդեն պարոն Փաշինյանը թող պատասխանի՝ հրավիրվե՞լ է ՀՔԾ, թե՞ չի հրավիրվել: Այդ մեկը պարոն Փաշինյանն է»,-հայտարարեց Սահակյանը:

Հիշեցնենք, որ Միքայել Մինասյանն իր տեսանյութում հայտարարել էր, որ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ ցանկություն է հայտնել տեսակցել իր հետ և արդեն հանդիպման ժամանակ առաջարկել է սիմվոլիկ գումար փոխանցել Հայաստանի հիմնադրամներից որևէ մեկին, ինչի դիմաց չեն հարուցվի քրեական գործեր: Տեսանյութի առնչությամբ հարուցվել էր քրեական գործ: