«Իմ կողմից փորձ կատարվեց հնարավորինս անկեղծ ներկայացնել հարցերի վերաբերյալ իմ վերաբերմունքը». Վահրամ Ավետիսյան
Շուրջ 3 ժամ ընթացած քննարկումների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները հնչեցրեցին ինչպես սոցցանցերում, մամուլի կողմից բարձրաձայնված բոլոր հարցերը, այնպես էլ հարցեր, որոնք լրատվամիջոցների կողմից չէին հնչեցվել: Այս մասին, այսսօր՝ հուլիսի 30-ին, «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից անմիջապես հետո լրագրողների հետ զրույցում նշեց Կառավարության կողմից առաջադրված ՍԴ դատավորի թեկնածու Վահրամ Ավետիսյանը:

«Իմ կողմից փորձ կատարվեց հնարավորինս անկեղծ ներկայացնել հարցերի վերաբերյալ իմ վերաբերմունքը, իմ մոտեցումները, որոնք իմ կարծիքով «Իմ քայլի» պատգամավորներին թույլ կտան ձեւավորել մոտեցում հետագա գործընթացներում»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ իր հայրն է ժամանակին դակել քաղաքական դատավարությունների, այդ թվում «Մարտի 1»-ի գործով մեղադրանքները, եւ «Մարտի 1»-ի զոհերի հարազատները եւ նախկին քաղբանտարկյալները կոչ են արել կառավարությանը հետ կանչել իր թեկնածությունը, Վահրամ Ավետիսյանն ասաց. «Այդ հարցը տարբեր ասպեկտներով քննարկվեց: Իմ մոտեցումը հետեւյալն է, որ ես ամենեւին չեմ ուզում արդարացնել նորանկախ Հայաստանում դատական համակարգում առկա խնդիրները: Նաեւ չեմ պատրաստվում դառնալ դատական համակարգի «մեղքերի» քավության նոխազը: Իմ հոր հետ կապված հարցադրումների առումով նշեմ, որ այստեղ անհրաժեշտ է հստակ պարզել վճռաբեկ դատարանի գործառույթը, արդյոք Վճռաբեկ դատարանը ըստ էության, գործ քննող դատարան է, թե ոչ: Արդյոք առկա են հստակ փաստեր, թե՞ խոսում ենք միայն ենթադրությունների մասին»:

Հիշեցմանը, որ հենց Նիկոլ Փաշինյանն է ժամանակին հայտարարել, որ քաղաքական վճիռներ են կայացել, ՍԴ դատավորի թեկնածուն ընդգծեց. «Այստեղ մասնագիտական հարթության մեջ պետք է նայենք: Վճիռները ի՞նչ հիմքով են բեկանվում: Այսինքն արձանագրվում է տվյալ ժամանակաշրջանում թույլ տրված իրավունքի խախտում, թե՞ նոր երեւան եկած հանգամանքներ են առկա, որոնց ուժով այդ որոշումները վերանայվում են: Ամեն դեպքում՝ ես հասկանում եմ նման հարցադրումներ կատարող սուբյեկտների մտահոգությունները, բայց չեմ կիսում դրանք, որովհետեւ ներկայումս կան բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք այդ ժամանակահատվածում պաշտոնավարել են, որոնք առնչություն են ունեցել այդ գործերին: Իմ հայրը արդեն 4-5 տարի է թոշակի է գնացել, ես չեմ պատկերացնում այդ պրոցեսների ազդեցությունը հետագայում ՍԴ-ում իմ գործունեության վրա»:

Դիտարկմանը, որ կարող է ՍԴ-ում «Մարտի 1»-ի հետ կապված հարցեր քննարկվեն եւ այստեղ շհերի բախում կարող է լինել, Վահրամ Ավետիսյանն արձագանքեց. «Ես այդ տեսակետները հնչեցրած անձանց մտահոգությունները կիսում եմ: Նրանք ունեն որոշակի հիմքեր որոշակի հանգամանքների շուրջ պնդումներ անելու համար, դա նրանց իրավունքն է, բայց ես չգիտեմ որեւէ հաստատված փաստ, որը ճանաչել է այս կամ այն սուբյեկտի մեղավորությունը այս կամ այն պրոցեսում: Եթե պատկերացնենք տեսականորեն, որ ես ընտրվեցի ՍԴ դատավոր եւ դիցուք, իմ հոր հետ կապված ինչ-որ վեճ եղավ, որը կհասնի ՍԴ, ՍԴ-ի մասին օրենքը հստակ սահմանում է, որ շահերի բախման դեպքում դա համարում է անհամատեղելիության հիմքմ, եւ ես չեմ կարող մասնակցել այդ գործի քննությանը: Միջնորդավորված էլ չեմկարող մասնակցել, որովհետեւ ես վստահ եմ, որ ՍԴ-ում, նաեւ այդ նոր դատավորները, որ կընտրվեն, նրանք կունենան այնքան սկզբունքայնություն, անաչառություն, որ ես որեւէ ձեւով չեմ կարողանալու միջնորդավորված ազդեցություն ունենալ»: