«Հայաստանի կորսված հնարավորությունը. ոսկին թանկացել է ավելի քան 10 տոկոսով». Անդրանիկ Թևանյան
Հայաստանի կորսված հնարավորությունը. ոսկին թանկացել է ավելի քան 10 տոկոսով

Երբ հայտարարվում էր, որ կորոնավիրուսային ճգնաժամը նաև նոր հնարավորությունների դաշտ է բացում, դրա մեջ ճշմարտություն կար, բայց գործնականում ոչինչ չարվեց։

Համաճարակի ներթափանցման սկզբնական փուլում իշխանությունը չէր ուզում նկատել այն, քանզի նեղ քաղաքական հարցերն ավելի կարևորվեցին, քան մարդկանց կյանքն ու առողջությունը։ Հետո ստիպված արտակարգ դրություն հայտարարեցին, բայց արդյունավետ գործողություններ չեղան։

Հիմա, երբ Հայաստանը 1 միլիոն բնակչին ընկնող վարակվածների թվով աշխարհում զիջում է ընդամենը 8 երկրի, իսկ 1 միլիոնի հաշվարկով մեզանում արձանագրվող մահացության թիվն աշխարհի միջինից բարձր է 2,5 անգամ, հակահամաճարակային քաղաքականությունը հանգել է ընդամենը դիմակ կրելու քարոզին։ Իսկ հնարավորությունների մասին անգամ իշխանավորներն են մոռացել՝ արտակարգ դրության պայմաններում մարդկանց իրավունքները սահմանափակելու և ֆինանսական բեռն ավելացնելու օրենսդրական նախաձեռնություններ անելով ու որոշումներ ընդունելով։

«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի փորձագետների գնահատականներն ու առաջարկներն ի մի բերելով՝ ես հակաճգնաժամային քայլերի ու նոր հնարավորություններից օգտվելու առաջարկներ էի ներկայացրել ամիսներ առաջ։ Սակայն դրանք անտեսվեցին կառավարության կողմից։ Կային հնարավորություններ, որոնք չօգտագործվեցին։ <°

Բերեմ կորսված հնարավորության մեկ օրինակ (թեև դեռ ուշ չէ և կարելի է որոշումներ կայացնել)։

Կանխատեսելով ու հիմնավորելով, որ համաճարակով պայմանավորված համաշխարհային տնտեսական ճգնաժամը հանգեցնելու է ոսկու գների աճի՝ մենք ապրիլ ամսին առաջարկել էինք ՀՀ պահուստային միջոցների գոնե մի մասը փոխարկել ոսկու։ Ապրիլի համեմատ ոսկու գինն այժմ աճել է ավելի քան 10 տոկոսով։ 1 տրոյան ունցիայի՝ 31,1034768 գրամ, գինը համաշխարհային շուկայում ավելի քան $1.800 է։

Մեր երկրի պահուստային ակտիվներն ապրիլին կազմել են 2,491 միլիարդ դոլար։ ՀՀ պահուստային ակտիվներում և այլ արտարժույթային ակտիվներում չի եղել ոսկի։ Պետական միջոցները բաշխվել են տարբեր համակարգերում, բայց ոսկու գնում չի իրականացվել։ Մինչդեռ ոսկու գնումը հնարավորություն կտար միջոցներ գտնել, օրինակ, հակաճգնաժամային արդյունավետ ծրագրեր իրականացնելու համար։

Խոսքն այն մասին չէ, իհարկե, որ մեր ամբողջ պահուստները վերածեինք ոսկու, բայց դրա մի մասը հաստատ կարելի էր ուղղել ոսկու գնմանը, և մենք արդեն 10 տոկոսով ավելացրած կլինեինք մեր ներդրած գումարները։ Չարվեց։ Ասողին լսող չեղավ։

Փորձագիտական գնահատականներով՝ կորոնավարակով պայմանավորված տնտեսական ճգնաժամը կտևի առնվազն մինչև 2021–ի վերջ և աշխուժացման նախանշանները կերևան միայն 2022–ի գարնանից։ Դա նշանակում է, որ այդ ժամանակահատվածում մեծ է լինելու ոսկու նկատմամբ պահանջարկը և՛ պետությունների, և՛ ազատ ֆինանսական ռեսուրսներ ունեցողների մոտ։ Դա իր հերթին կբերի ոսկու գների աճին։ Որոշ գնահատականներով այն կարող է հատել 2.000 դոլարի սահմանագիծը։

Տնտեսական վերելքին զուգահեռ՝ 2022–ից հետո կընկնեն նաև ոսկու գները։ Այդ փուլում արդեն կարելի է վաճառել այն։ Պետք է հետևաբար ճկուն և ակտիվ լինել՝ ճգնաժամի առաջացրած հնարավորություններից օգտվելու համար։ Թե չէ միայն բառերով ու դիմակ կրելու քարոզով ճգնաժամից չես օգտվի։ Ավելին՝ կհայտնվես ճգնաժամի փլատակների տակ ու աշխարհի հետնապահների շարքում։ Ինչպիսին որ այսօր Հայաստանն է։