Արարատ Միրզոյանը ՀՀ նախագահի փոխարեն միայն 21 օր հետո կարող է ստորագրել և հրապարակել սահմանադրական օրենքում փոփոխությունները
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու: Այս մասին տեղեկացնում է Նախագահի աշխատակազմը։

Այսպիսով՝ ՀՀ նախագահի փոխարեն օրենքը ստորագրելու է Արարատ Միրզոյանը, քանի որ Սահմանադրության 129 հոդվածի համաձայն՝  Ազգային ժողովի ընդունած օրենքը Հանրապետության նախագահն ստորագրում և հրապարակում է քսանմեկօրյա ժամկետում կամ նույն ժամկետում դիմում է Սահմանադրական դատարան՝ Սահմանադրությանն օրենքի համապատասխանությունը որոշելու հարցով։

Նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա Ազգային ժողովի նախագահը հնգօրյա ժամկետում ստորագրում և հրապարակում է օրենքը:

Այսպես՝ Արմեն Սարգսյանը փաստացի հրաժարվում է ստորագրելուց օրենքը, ու 21 օրյա ժամկետի ավարտից հետո, եթե այդ ընթացքում նա որոշումը չփոխի, ապա օրենքը ստորագրելու ու հրապարակելու է Արարատ Միրզոյանը

Հղման աղբյուր՝ Republica.am