ՀՀ նախագահը չի ստորագրի «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին տեղեկացրել է, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը հարակից օրենքով իր կողմից չեն ստորագրվելու: Այս մասին տեղեկացնում է Նախագահի աշխատակազմը։

Հիշեցնենք, որ այսօր Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: 

Նշենք, որ նախագիծը վերաբերում էր Սահմանադրության փոփոխություններով պայմանավորված ՍԴ օրենքի 88-րդ հոդվածի անցումային դրույթների համապատասխանեցնելուն Սահմանադրության 213 հոդվածի նոր խմբագրությանը, քանի որ օրենքը փաստացի հակասում է Սահմանադրությանը: Առաջարկվում է փոփոխել ՍԴ դատավորների թափուր տեղերի համար առաջադրող մարմինների առաջադրման հերթականությունը, ըստ որի՝ առաջին առաջադրումը կատարվելու է՝ առաջինը ՀՀ կառավարության, երկրորդը՝ Հանրապետության Նախագահի, երրորդը՝ Դատավորների ընդհանուր ժողովի կողմից:

Հիշեցնենք նաև, որ հունիսի 22-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց սահմանադրական փոփոխությունների նախագիծը: Ըստ այդ փոփոխությունների, որոնք ուժի մեջ են մտել հունիսի 26-ին, դադարում է ՍԴ երեք դատավորների՝ Հրանտ Նազարյանի, Ֆելիքս Թոխյանի և Ալվինա Գյուլումյանի պաշտոնավարումը, ինչպես նաև դադարում է Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը ՍԴ նախագահի պաշտոնում:

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմել է ՍԴ՝ վիճարկելով սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը: