Թրամփը հեռախոսազրույցի ընթացքում նվաստացրել է Մերկելին, Մեյին, Մակրոնին, Թրյուդոյին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գաղտնի հեռախոսային բանակցությունների ժամանակ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին «հիմար» է անվանել և մեղադրել նրան Ռուսաստանի «գրպանում գտնվելու» համար, իսկ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թերեզա Մեյին «խեղկատակ» կոչել՝ քննադատելով նրա անվճռականությունը Brexit-ի հարցում, հաղորդում է CNN-ը՝ հղում անելով իր անանուն աղբյուրներին:

Հեռուստաալիքի փոխանցմամբ՝ Մեյի և Մերկելի հետ զրույցների ժամանակ ԱՄՆ նախագահը նվաստացրել է նրանց՝ «սադիստական» խոսակցություններ վարելով:

Անանուն գերմանացի պաշտոնյան CNN-ին հայտնել է, որ հեռախոսազրույցներն այնքան ոչ սովորական են եղել, որ Բեռլինում հատուկ միջոցներ են ձեռնարկել դրանց բովանդակությունը հույժ գաղտնի պահելու նպատակով: Նա Թրամփի պահվածքը բնութագրել է որպես ագրեսիվ, ինչի պատճառով էլ Մերկելի հեռախոսազրույցներին ներկա գտնվող աշխատակիցների թիվը կրճատվել է:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Թրամփը վիրավորական և նվաստացողներ խոսակցություններ է ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի և Ավստրալիայի վարչապետ Սքոթթ Մորրիսոնի հետ: