Այս գործընթացը միջազգային խաղացողներն օգտագործելու են Հայաստանի դեմ. Արփինե Հովհաննիսյան. tert.am
Իրավական հետևանքների վերաբերյալ մեկնաբանություն հնարավոր չէ տալ, քանի որ սա ամբողջությամբ քաղաքական գործընթաց է, և իրավունքի որևէ նորմ այդ գործընթացում չի պահպանվել: Հետևաբար ակնկալել՝ ինչ է լինելու հետայսու, բացառապես կախված է իշխանության հերթական ցանկությունից կամ քմահաճույքից: 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է «Իրավական կրթություն և վերահսկողություն» ՀԿ նախագահ Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպիսի՞ գործընթաց է հաջորդելու ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնած սահմանադրական փոփոխություններին:

Հովհաննիսյանն ընդգծեց՝ ակնհայտ է, որ թեկուզ ապօրինի սահմանադրական գործընթացների տրամաբանության ներքո ՍԴ դատավորների լիազորությունները դադարեցնելու համար անհրաժեշտ է ՍԴ մասին օրենքում կատարել համապատասխան փոփոխություն, և այդուհետ դրա հիման վրա անհատական իրավական ակտերով դադարեցնել նրանց լիազորությունները: 

«Քանի դեռ դա չի կատարվել, ով որտեղ ինչ մեկնաբանություն ուզում է անի, այդ դատավորների լիազորությունները դադարեցված չեն: Դեռ 2-3 օր առաջ էի ասել, որ ՍԴ մասին օրենքում փոփոխությունը կենսական անհրաժեշտություն ունի, քանզի Սահմանադրության նորմերը այդ տեսանկյունից անմիջականորեն չեն գործում»,-նշեց նա:  Հարցին՝ այս գործընթացներն ինչպիսի՞ ազդեցություն կարող են ունենալ Հայաստանի միջազգային վարկի վրա, Հովհաննիսյանը պատասխանեց, թե իր կարծիքով՝ ՀՀ-ն անպայմանորեն բավականին թանկ գին է վճարելու եթե ոչ կարճաժամկետ, ապա միջնաժամկետ կտրվածքով։  «Սա գործիք է տարբեր միջազգային կազմակերպությունների և տարբեր «խաղացողների» ձեռքում, որն օգտագործվելու է ՀՀ-ի դեմ, որովհետև այն կառույցները, որոնք եվրոպական տիրույթում սկզբունքորեն պատասխանատու են իրավունքի գերակայության, ժողովրդավարության ապահովման համար, արձագանքել են, տվել են բացասական գնահատական, որն ուղենշային դերակատարում է ունենալու թե՛ անհատական տիրույթում՝ ՄԻԵԴ-ում գործընթացի դիտարկման ժամանակ, թե՛ մոնիթորինգային մարմինների կողմից խնդիրը դիտարկելիս»,-ասաց Հովհաննիսյանը:  Նրա խոսքով՝ ակնհայտ է նաև, որ ՀՀ միջազգային իրավական հեղինակությունը խաթարվել է: «Մենք համալրել ենք այնպիսի երկրների շարքը, որոնց դեմ ՄԻԵԴ-ում նմանատիպ հակասահմանադրական գործընթացներով արդեն կան որոշումներ: Խոսքս վերաբերում է Ուկրաինային, Հունգարիային: Վստահ եմ, որ դատավորները գնալու են իրենց անհատական շահերի պաշտպանության հետևից»,-ասաց նա: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։