«Իշխանությունները նյարդայնացած են, որ իրենց ցուցանիշները Վրաստանի համեմատ խայտառա՞կ են». Երվանդ Բոզոյան
Եթե դու քո վատ քաղաքականությունը փորձում ես կոմպենսացնել՝ հարևանի վրա «ցեխ շպրտելով», դրանից երկրների հարաբերությունները կարող են վատթարանալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը՝անդրադառնալով առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հայտարարությանն այն մասին, որ Հայաստանի հակահամաճարակային համակարգը շատ ավելի ուժեղ է, քան հարևան Վրաստանինը, իսկ Վրաստանում կորոնավիրուսի դեպքերի քիչ լինելը պայմանավորել էր թեստերի որակով ու թեստավորման մեթոդաբանությամբ։

«Երբ այս իշխանության վիճակը վատանում է, փորձում է քավության նոխազներ փնտրել երկրի ներսում և երկրից դուրս: Սոցիալ-տնտեսական վիճակով քավության նոխազներ է փորձում գտնել երկրի ներսում` հանձինս նախկին իշխանությունների, փորձելով համոզել սեփական ժողովրդին, որ այս ամենի պատճառը նախկին իշխանություններն են: Իսկ քանի որ կորոնավիրուսը նոր է՝ այս տարվա սկզբից է ի հայտ եկել, բնականաբար, նախկին իշխանության վրա բարդել հնարավոր չէ, դրա համար պատճառները փնտրում են երկրից դուրս, և ամենահարմար տարբերակը Վրաստանն է»,-ասել է քաղաքագետը:

«Մենք ի՞նչ նպատակ ենք հետապնդում, երբ փաստացի փորձում ենք փչացնել երկու երկրների հարաբերությունները, միայն այն բանի համար, որ ՀՀ իշխանությունները նյարդայնացած են, որ իրենց ցուցանիշները Վրաստանի համեմատ խայտառա՞կ են: Այսպիսի հայտարարությունները չեն նպաստում հայ-վրացական հարաբերություններին և կարող են ստվեր գցել դրանց համար»,-նշել է նա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։