«Արսեն Թորոսյանը կա՛մ պետք է հիմնավորի իր ոչ ճիշտ գնահատականները, կա՛մ ներողություն խնդրի»․ Վրաստանի գլխավոր իմունոլոգ
Վրաստանի գլխավոր իմունոլոգը նշել է.

«Չենք կարծում, որ պարոն Թորոսյանը մեզնից պետք է իմանա, որ բարձրաստիճան պաշտոնյան նման հայտարարություններ չպետք է անի, էլ չենք խոսում ինչ-որ փաստարկներ բերելու մասին։ Ըստ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների պաշտոնական տվյալների՝ Վրաստանում մայիսի 22-ի դրությամբ հաստատվել է COVID-19-ով վարակման 723 դեպք, որից 12-ը՝ մահվան ելքով, Հայաստանում եղել է 5928 վարակման դեպք, որից 74-՝ մահվան ելքով։ Այս ֆոնին պարոն նախարարի հայտարարությունը, թե հայկական հակահամաճարակային համակարգն ավելի լավ է գործում, քան վրացականը, ժպիտ է առաջացնում (եթե ոչ ծիծաղ)։

Ինչ վերաբերում է նախարարի՝ Վրաստանում վիճակագրության ճշգրտության մասին հարցին, կցանկանայինք հայտարարել, որ Վրաստանում COVID-19-ով վարակված հիվանդների գրանցումն իրականացվում է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխան, լիովին թափանցիկ, ուստի դրանց հուսալիությունը որևէ միջազգային կառույցի կամ փորձագետի կողմից կասկածի տակ չի դրվել։ 

Կարծում ենք, որ պարոն նախարարը կա՛մ պետք է հիմնավորի իր ոչ ճշգրիտ (մեղմ ասված) գնահատականները, կա՛մ գոնե «արժեզրկի» իր հայտարարությունը և ներողություն խնդրի դրա համար։