Գագիկ Խաչատրյանի եղբորորդին 20 մլն գրավի դիմաց ազատ կարձակվի
ՊԵԿ նախկին բարձրաստիճան պաշտոնյա, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի կալանքը երկու ամսով երկարաձգվեց, բայց դատարանը նաև բավարարեց Կարեն Խաչատրյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը։ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ամրամ Մակինյանը։ «Դատարանն այս անգամ գտնվեց իր բարձրության վրա և բավարարեց մեր միջնորդությունը, Կարեն Խաչատրյանի համար գրավի կիրառումը ճանաչվեց թույլատրելի։ Կարեն Խաչատրյանը գրավի գումարը վճարելուց հետո կարող է ազատ արձակվել»,- ասաց պաշտպանը։ Ամրամ Մակինյանը դատարանի կողմից կայացված որոշումը ուշացած, բայց արդարության վերականգման տեսանկյունից շատ ճիշտ է համարում.«Իրականում դատարանը համարձակ և օրինական որոշում կայացրեց, որովհետև չկային այլևս Կարեն Խաչատրյանին կալանքի տակ պահելու հիմքեր»։ Պաշտպանը նաև հայտնեց, որ գրավի գումարի չափ է սահմանվել է 20 մլն դրամ։ Հիշեցնենք, որ 2019 թվականի օգոստոսի 27-ին խուզարկություններ են կատարվել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, ինչպես նաև վերջինիս հետ փոխկապակցված մի շարք անձանց առանձնատներում և բնակարաններում։ Նույն օրը՝ խուզարկությունների ավարտից հետո, Գագիկ Խաչատրյանը և Կարեն Խաչատրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործությունների (ծանր հետևանքների առաջացմամբ զուգորդված պաշտոնեական դիրքի չարաշահում և առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում) կատարման կասկածանքով բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտ և կալանավորել։