«Գազպրոմ»-ը պնդում է, որ գազը գնի բարձրացումը կապված է գազի անվտանգ և արդյունավետ մատակարարման հետ. Մհեր Գրիգորյան
Այսօր Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը գազի սակագնի վերաբերյալ հարց բարձրացրեց՝ նկատելով, որ Ռուսաստանը գազի գինը մշտապես օգտագործում է որպես քաղաքական գործիք: «Նախ հայտարարվում է, որ գազի գինը սահմանին չի թանկանում, բայց կարող է սպառողի համար այդպիսի հայտ ներկայացվել»,-հարցրեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին և հետաքրքրվեց, թե ինչ վիճակ է հայ-ռուսական հարաբերություններում, արդյո՞ք այս դեպքում ևս գազի գինն օգտագործվում է որպես քաղաքական գործիք:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը պատասխանելով հարցին՝ ասաց, որ 2020 թվականի համար գազի գինը սահմանին չի փոփոխվելու: Ինչ վերաբերում է սակագնին, ապա նա ասաց, որ բազմաթիվ քննարկումներ եղել են և կլինեն: Նա նշեց, որ «Գազպրոմ» խմբի կողմից կա պնդում, որ գազը անխափան, անվտանգ և արդյունավետ մատակարարելու համար անհրաժեշտ են ներդրումներ:

«Քննարկումներն ու հաշվարկներն իրականացվում են տասը տարվա կտրվածքով: Իհարկե, կան տարաձայնություններ, և մենք չենք ասել, որ համաձայնում ենք, կամ հայտ կներկայացվի, մենք հայտարարել ենք, որ չենք բացառում, որ ապրիլի մեկից հետո հայտ ներկայացվի: Ես կարծում եմ, որ մեր բոլոր հարցերի պատասխանները մենք կստանանք այն ժամանակ, երբ նման հայտ կներկայացվի»,-ասաց նա:

Արման Բաբաջանյանը կոչ արեց, որ այդ դեպքում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին զգուշացնեն, որ պատշաճորեն ժամկետները նշի իր հայտարարություններում:

«Վարչապետը Ռուսաստանի նախագահի հետ հանդիպումներից մեկից հետո հայտնել էր, որ շնորհակալություն է հայտնել նախագահին գազի էժան գնի համար, որ վերապահվել է Հայաստանին և նշել էր, որ այդ էժան գինը չի զգում ՀՀ քաղաքացին, ծրագրել էր քննարկել, թե նախկինում ներառվե՞լ են կոռուպցիոն սխեմաներ, և թե ինչո՞ւ է ՀՀ քաղաքացուն այդքան թանկ գնով գազը հասնում»,-ասաց նա և հարցրեց, թե արդյո՞ք այդ ուսումնասիրությունն արվել է:

Մհեր Գրիգորյանը նշեց, որ իրենց հայտարարությունների մեջ հակասություն չի տեսնում և չի էլ պնդում, որ հնարավոր է սակագնի թանկացման հայտ ներկայացվի: «Վստահաբար ասեմ, այո, եթե որևէ մեկ անձ համարում է, որ մարժան, որը այսօր գոյություն ունի սակագնի և սահմանի գնի միջև, ուռճացված է, հիմնավորված չէ, բնականաբար, ես չեմ պատկերացնում մի իրավիճակ, որ սակագինը հաստատվի, չկա այդպիսի խնդիր և մտահոգվելու բան չունենք: Իհարկե, մենք պետք է հաշվի առնենք, որ ունենք ժառանգված համաձայնագիր, որը վերաբերում է եկամտաբերությանը և ունենք հինգերորդ էներգաբլոկ: Եթե հայտ ներկայացվի և հիմնավորումները բխեն այս բոլոր հանգամանքներից, բնականաբար, որոշումները կլինեն արդար և բավականին պարզ»,-ասաց նա: