Թրամփը տուրքեր կսահմանի եվրոպական ավտոմեքենաների վրա
ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է լրջորեն դիտարկել եվրոպական ավտոմեքենաների ներկրման տուրքերի սահմանման հարցը, եթե ԱՄՆ-ը եւ Եվրոպական միությունը չկարողանան առեւտրային համաձայնագիր կնքել, հայտնում է AP-ը։

Նրա խոսքերով՝ ինքը հուսով է Եվրոպայի հետ համաձայնության հասնել։ Ավելի վաղ Թրամփը հանդիպում էր ունեցել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենի հետ։ Նա նշել է, որ իրենք «շատ լավ զրույց» են ունեցել, սակայն չի ասել, թե քննարկել են արդյոք տուրքերի ներդրման հնարավորությունը։ «Հաճելի էր հանդիպել Եվրոպական հանձնաժողովի նախագահի եւ մի կնոջ հետ, որը մեծ հարգանք է վայելում»,- ասել է Թրամփը լրագրողներին՝ նշելով, որ լսել է, թե Ուրսուլա Ֆոն Դեր Լեյենը «շատ կոշտ բանակցող է»։

Թրամփն ասել է, թե եվրոպացիները հասկանում են, որ «պետք է ինչ-որ բան անեն», եւ եթե նրանք ազնիվ լինեն, «մենք խնդիրներ չենք ունենա»։

Սա Ֆոն Դեր Լեյենի եւ Թրամփի առաջին հանդիպումն էր։ Թրամփը հարկային եւ առեւտրային քաղաքկանության հետ կապված շատ տարաձայնություններ ուներ Եվրոպայի հետ։