«Մեր երկրում սկսվել է արյուն թափվել. Ինքներս էլ չենք զգա, ինչպես կորցրեցինք երկիրը». Ավետիք Չալաբյան
Ազգային Օրակարգ կուսակցություն հիմնադիր Ավետիք Չալաբյանը գրում է.

Վերջին երեք օրերը ծանր հոգեկան փորձություն էին։ Մենք մինչև վերջ դեռ չենք գիտակցում, բայց մեր երկրում սկսվել է նորից արյուն թափվել։ Եվ գուցե դեռ չենք հասկանում, որ սկզբից դա ողբերգություն է, բայց եթե կանգ չառնենք, կդառնա առօրյա իրականություն, և ինքներս էլ չենք զգա, թե ինչպես սկսեցինք "սիրո և համերաշխությամբ", իսկ ավարտեցինք "ատելությամբ և արյունահեղությամբ", ու տանուլ տվեցինք մեր երկիրը։

Այսօր մենք դեռ կարող ենք կանգ առնել, մերժել մեզ խեղդող ատելությունը, գիտակցել, որ այն բումերանգի պես վերադառնալու է յուրաքնաչյուրիս ետևից, մտնելու է յուրաքանչյուրիս ընտանիք, դժբախտացնելու է յուրաքանչյուրիս։ Գիտակցել, որ այդ ատելությունը մեր մեջ վարպետորեն սերմանվել է, որպեսզի մենք թողած առաջնայինը, տարվենք մեր ներսում անվերջ հաշիվներ մաքրելով, արդարադատությունը փոխարինենք վրեժխնդրությամբ, պատասխանատվությունը՝ հաշվեհարդարով, և ի վերջո մսխենք մեր ողջ ուժն ու կորովը իրար դեմ անզիջում պայքարում։

Այսօր դեռ ուշ չի ապավինել մեր մարդկային գթասրտությանը և խելամտությանը, ձեռք մեկնել իրար, ընդունել մեր բազմաթիվ սխալները, ներողամտություն հայցել իրարից, ու փորձել ներել իրար։ Այսօր դեռ մենք կարող ենք յուրաքանչյուրս մեկ քայլ հետ կանգնել, և չզոհաբերել մեր ապագան հանուն անցյալի համար վրեժ լուծելու ամենակուլ ցանկության։ Կարող ենք ընդունել այդ անցյալի համար մեր պատասխանատվությունը, և միասին փորձել գտնել դեպի ապագան տանող անկորուստ ճանապարհը։