Թրամփի փաստաբանները Սենատին կոչ են արել մերժել նրա դեմ ներկայացված մեղադրանքները  
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փաստաբանները, որոնք ներկայացնում են նրա շահերը Սենատում իմփիչմենթի հարցի շուրջ տեղի ունեցող գործընթացում, վստահ են, որ Կոնգրեսի վերին պալատը պետք է ամերիկացի առաջնորդի դեմ ներկայացված մեղադրանքների հոդվածներն անվավեր ճանաչի՝ երկրի սահմանադրության տեսանկյունից: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է պաշտպանության պատրաստած փաստաթղթում:

«Իմփիչմենթի հոդվածները, որոնք փոխանցվել են Սենատին, վիրավորանք են Սահմանադրությանը և մեր ժողովրդավարական ինստիտուտներին: Հոդվածները, ինչպես և կեղծ գործընթացը, որի արդյունքն են դրանք, անամոթ քաղաքական գործողություն են Ներկայացուցիչների պալատի դեմոկրատների կողմից և պետք է մերժվեն»,- նշում են փաստաբանները:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահը մեղադրվում է իշխանությունը չարաշահելու և Կոնգրեսի աշխատանքը խոչընդոտելու մեջ: