Աշխարհի 2153 բնակիչները միասին ավելի հարուստ են, քան 4.5 մլրդ բնակիչները
2019 թվականի տվյալների համաձայն` 2153 համաշխարհային միլիարդատերերի ընդհանուր կարողությունն ավելի շատ է, քան ավելի քիչ կարողություն ունեցող 4,6 միլիարդ մարդկանց կարողությունը միասին վերցրած: Դա ավելին է, քան 7,8 միլիարդի հասած Երկիր մոլորակի բնակչության կեսը: Այս մասին է վկայում Oxfam բարեգործական կազմակերպության անցկացրած ուսումնասիրությունը:

Փորձագետները հաշվել են, որ եթե մարդը եգիպտական բուրգերի կառուցումից ի վեր (մեր թվարկությունից առաջ 26-րդ դար) ամեն օր 10 000 դոլար խնայողություն աներ, 2020 թվականին նրա կարողությունը կմոտենար թոփ հնգյակում գտնվող միլիարդատերերի միջին կարողության միայն 5-րդ մասին:

Զեկույցի հեղինակները հաշվել են նաև, որ աշխարհի 22 ամենահարուստ տղամարդկանց կարողությունը հավասար է Աֆրիկայի բոլոր կանանց կարողությանը միասին վերցրած: Ուսումնասիրողների կարծիքով` նման անհավասարության պատճառը «թերի և սեքսիստական տնտեսական համակարգն է»:

Ուսումնասիրողներն ուշադրության են հրավիրում այն հանգամանքի վրա, որ միլիարդատերերի մեծ մասը տղամարդիկ են, իսկ կանայք ժամանակակից աշխարհում զբաղվում են չվճարվող աշխատանքով (տան մաքրություն, խոհանոց,  երեխաների դաստիարակություն, հիվանդների և ծերերի խնամք) կամ զբաղվում են ցածր վարձատրվող աշխատանքով: Փորձագետները կոչ են արել աշխարհի բոլոր կառավարություններին ստեղծել այնպիսի տնտեսական համակարգ, որը կպարգևատրի մարդկանց աշխատանքի դիմաց և հասարակությանն իրական օգուտ կբերի, ոչ թե կխրախուսի հարստության և ունեցվածքի ետևից անվերջ ընկնելը: Ուսումնասիրողները կարծում են, որ դրան կարելի է հասնել ազգային առողջապահության համակարգում ներդրումների և պրոգրեսիվ հարկման համակարգի միջոցով: